գլխավոր Միջազգային Չին-ամերիկյան բանակցություններն անցել են չափազանց լարված մթնոլորտում. Al Jazeera

Չին-ամերիկյան բանակցություններն անցել են չափազանց լարված մթնոլորտում. Al Jazeera

Ջո Բայդենի կողմից ԱՄՆ–ի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վաշինգտոնի և Պեկինի երկխոսության շրջանակում երկրորդ հանդիպումը սկանդալի է վերածվել: Ալյասկայի մայրաքաղաք Անքորիջում երկու համաշխարհային մրցակիցների միջև կայացած հազվագյուտ հանրային հանդիպումն անցել է խորը լարվածության պայմաններում, հայտնում է Al Jazeera լրատվականը։ ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի պաշտոնյաներն իրենց բացման խոսքում խախտել են դիվանագիտական արարողակարգը։

ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին ներկա են եղել հանրայնացված բացման արարողությանը: Իր խոսքում Բլինկենը քննադատել է Հոնկոնգի, Թայվանի և Սինցզյան Ույղուրյան ինքնավար շրջանի նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը, ինչին ի պատասխան Ցզեչին ասել է, որ Չինաստանը «Միացյալ Նահանգների անհիմն մեղադրանքները չի ընդունի»:

Չինաստանի գործողությունները «սպառնում են կանոնների վրա հիմնված կարգին, որն ապահովում է համաշխարհային կայունությունը։ Ամերիկյան կողմը կքննարկի Չինաստանի գործողությունների հետ կապված մեր խորը մտահոգությունները՝ Հոնկոնգի, Թայվանի նկատմամբ կիրառած քաղաքականությունը, Միացյալ Նահանգների նկատմամբ իրականացված հաքերային հարձակումները, ինչպես նաև մեր դաշնակիցների նկատմամբ իրականացված տնտեսական ճնշումները», – ասել է ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցչի ելույթը տևել է ավելի քան 15 րոպե, և Բլինկենը, ըստ ամենայնի, զայրացել է մեկնաբանությունների տոնայնությունից և երկարությունից։

«Չինաստանը կտրականապես դեմ է երկրի ներքին գործերին ԱՄՆ–ի միջամտությանը: Մենք մեր կտրուկ հակադրությունն ենք արտահայտել նման միջամտությանը, և պատասխան քայլեր կձեռնարկենք», – նախազգուշացրել է Յան Ցզեչին և հավելել, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է իր ռազմական ուժն այլ երկրներին ճնշելու համար՝ խոչընդոտելով առևտրի բնականոն իրականացմանը և որոշ երկրների դրդում հաչձակվել Չինաստանի վրա։

Al Jazeera–ն նշել է, որ Բայդենը խոստացել է շարունակել իր նախորդ Դոնալդ Թրամփի կոշտ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության, սակայն տեր է կանգնելու իր սկզբունքներին և ընկերներին: