գլխավոր Միջազգային Թուլության դրսևորում. Թրամփ կրտսերը Բայդենի` ուղիղ եթերում բանավիճելու Պուտինի հրավերից հրաժարվելու մասին

Թուլության դրսևորում. Թրամփ կրտսերը Բայդենի` ուղիղ եթերում բանավիճելու Պուտինի հրավերից հրաժարվելու մասին

ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը  գործող նախագահ Ջո Բայդենի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուղիղ եթերում բանավիճելու հրավերից հրաժարվելը «թուլության» դրսևորում է անվանել:

«Պուտինը Ջո Բայդենին բանավեճի է հրավիրել ուղիղ եթերում՝ առանց նախապես պատրաստված սցենարի։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք առաջորդ չունենք»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփի որդին։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի մրցակիցներն այժմ տեսնում են երկրի թուլությունը և հրճվում են»։

Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։ Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր.«Շուտով կտեսնեք»։

Նա նաև նշել էր, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։ Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։

Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։

ՌԴ նախագահը նաև հավելել էր․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։

Պուտինը Բայդենին նաև առաջարկել էր ուղիղ եթերում բաց երկխոսություն անցկացնել։

«Ցանկանում եմ նախագահ Բայդենին առաջարկել շարունակել մեր քննարկումները, սակայն պայմանով, որ մենք դա կանենք գործնականում ուղիղ եթերում, այսինքն՝ առցանց: Սակայն առանց հապաղումների, ուղիղ և բաց, անմիջական քննարկումներ»,- ասել էր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: