գլխավոր Գլխավոր Խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի շինարարությունը

Խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի շինարարությունը

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են ջրատար կայանի կառուցման անվտանգությունը՝ Խնապատ ու Ասկերան բնակավայրերը ջրով ապահովելու համար։ Մարտական գործողությունների հետևանքով դրանց մեծ մասն առանց ջրամատակարարման է մնացել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավելի վաղ պոմպակայանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին կողմերի սահմանազատման գծի անմիջական մոտակայքում գտնվելու պատճառով:

Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։ Բանակցություններին աջակցել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։

Ներկայում խմելու ջուրը Խնապատ ու Ասկերան է մատակարարվում կոմունալ ծառայությունների ուժերով, սակայն պոմպակայանը շահագործման հանձնվելուց հետո դրա հզորությունը բավարար կլինի ոչ միայն նշված բնակավայրերի, այլև հարակից գյուղատնտեսական տարածքների բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար:

«Մարտական գործողությունների հետևանքով տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը», – նշված է հաղորդագրության մեջ: