գլխավոր COVID-19 ԱՄՆ-ում և Եվրոպայում ծնելիության մակարդակը կորոնավիրուսի ընթացքում նվազել է․ BBC

ԱՄՆ-ում և Եվրոպայում ծնելիության մակարդակը կորոնավիրուսի ընթացքում նվազել է․ BBC

Բրիտանական BBC-ի թղթակից Սթեֆանի Հեգարթին անդրադարձ է կատարել կորոնավիրուսային համավարակի ընթացքում հղիության և ծնելիության ցուցանիշի աճի բացակայությանը։

Անցյալ տարվա հունիսին Միացյալ Նահանգների Բրուքինգս ինստիտուտի տնտեսագետները հաշվարկել են, որ ԱՄՆ–ում ծնունդները նվազելու են 300 հազարից կես միլիոնով: Միևնույն ժամանակ Եվրոպայում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Գերմանիայում և Ֆրանսիայում 2020 թվականին երեխա ունենալ պատրաստվող մարդկանց 50 տոկոսը հետաձգել է այդ ծրագրերը։ Իտալիայում 37 տոկոսը նշել է, որ առհասարակ հրաժարվել է այդ գաղափարից: Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) զեկույցում նշված է, որ դեկտեմբերին ծնունդների թիվը նվազել է 8 տոկոսով։

Իտալիայում տարեսկզբին գրանցվել է ծնելիության 21,6 տոկոս անկում։ Ֆրանսիայում, Կորեայում, Թայվանում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում դեկտեմբերին և հունվարին ծնելիության մակարդակը եղել է ամենացածրը վերջին 20 տարվա ընթացքում։

Ըստ Գերմանիայի Ժողովրդագրական հետազոտությունների Մաքս Փլանք ինստիտուտի աշխատակից Ջոշուա Ուայլդի և իր աշխատակազմի, Միացյալ Նահանգներում ծնելիության անկումը կշարունակվի ևս մի քանի ամիս։ Google հարթակի որոնումների համաձայն՝ պարզ է դարձել, որ փետրվարին այն նվազել է 15,2 տոկոսով։ Ծնելիությունն ավելի մեծ անկում է ապրելու քան 2008 թվականի ճգնաժամի կամ 1929 թվականի «Մեծ ճգնաժամ»–ի ժամանակ։

Ուայլդն ասել է, որ, սովորաբար, համավարակները ծնելիության անկման են բերում։

«Դուք կարծում եք, որ դրանց ավարտից հետո բոլորը ցանկանալու են երեխաներ ունենալ, իսկ ես ասում եմ, որ դրա հետևանքով շատերն առհասարակ հրաժարվելու են այդ գաղափարից»,-նշել է փորձագետը։

ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը նշել է, որ համավարակի պատճառով 115 երկրում գրեթե 12 միլիոն կին հրաժարվել է ընտանիքի կազմելու ծրագրերից:

Մինչդեռ Ինդոնեզիայում կանխատեսվում է ծնելիության թվի աճ՝ մոտ կես միլիոնով։ Կառավարությունը երկրի տարբեր շրջաններ մեքենաներ է ուղարկում, որոնք ուղերձ են հղում քաղաքացիներին․ «Հայրիկներ, կառավարեք ձեզ։ Դուք կարող եք հարաբերություններ ունենալ, կարող եք ամուսնանալ, բայց երեխաներ մի ունեցեք»։

Երկրի Ընտանիքի պլանավորման ազգային գործակալությունն ասել է, որ շատերը դադարեցրել են հակաբեղմնավորիչների օգտագործումը, քանի որ, համավարակով պայմանավորված, չեն կարող կլինիկաներ այցելել, ինչն էլ կարող է բարձրացնել ծնելիության մակարդակը։ Մինչդեռ Եվրոպայում նկատվում է ծնելիության անկում, քանի որ, տեսություններից մեկի համաձայն, մարդիկ ավելի քիչ են սեռական հարաբերություններ ունենում։