գլխավոր Իրադարձային Պաշտպանը միջնորդեց կալանքից ազատել Սերժ Սարգսյանի գույքը

Պաշտպանը միջնորդեց կալանքից ազատել Սերժ Սարգսյանի գույքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները նախագահի գույքը կալանքից ազատելու մասին միջնորդություն ներկայացրեցին։ 

Միջնորդությունը դատարանին ներկայացրեց պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

«Դատարանի այս կազմը տվյալ գործը վարույթ է ընդունել 2020-ի փետրվարի 1-ին և փետրվարի 17-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվի որոշում պատճառված վնասի ապահովման միջոցները վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին։ Մինչդեռ դատական քննություն նշանակելու որոշմամբ որևէ անդրադարձ չկա քրեական հետապնդման մարմնի տվյալ գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնվող անձանց գույքի վրա կալանք դնելու որոշումների վերաբերյալ»,-ասաց պաշտպանը։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պաշտպանական կողմին հասկանալի չէ դատավարական հարկադրանքի միջոցների վերաբերյալ դատարանի դիրքորոշումը, որի արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ մինչդատական քրեական վարույթի ընթացքում գույքի վրա դրված կալանքը դատական քննության ընթացքում մնացել է անփոփոխ, և դատարանն այդ մասին որոշում չի կայացրել։

«2019-ի դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի հարցաքննությունից և առերեսումից հետո միջնորդություն ենք ներկայացրել տրամադրել բոլոր այն դատավարական փաստաթղթերի պատճենները, որոնք քրեական դատավարության տվյալ փուլում Սերժ Սարգսյանը ծանոթանալու իրավունք ունի։ Միջնորդության քննությունն առանց որևէ հիմնավորման հետաձգվել է։ 2019-ի դեկտեմբերի 13-ին և 20-ին ստացվել են քննիչի գրությունն ու միջնորդությունը, որոնցով պաշտպանության կողմին չի տրամադրվել պահանջվող որոշումների պատճենները, որոնց թվին է դասվում գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը։ 2019-ի դեկտեմբերի 18-ի երեկոյան մամուլից տեղեկացել ենք, որ քննիչի կողմից Սարգսյանի, Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել»,-նշեց պաշտպանը։

Վերջինս նշեց, որ նախկինում նախաքննական մարմին են ներկայացրել գույքը կալանքից ազատելու մասին միջնորդություն, որը մերժվել է։ Փաստաբանը նշեց, թե որն է եղել քննիչի պատճառաբանությունը. «Սերժ Սարգսյանի անձը, որ ՀՀ պետական տարբեր մարմիններում նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, ինչպես նաեւ դրանից բխող նրա կենսափորձը և ունեցած կապերը հիմք են տալիս ենթադրելու, որ նա կարող է միջնորդավորված եղանակով թաքցնել, օտարել կամ սպառել իրեն պատկանող գույքը։ Նկատի ունենալով, որ անհրաժեշտ է ապահովել ենթադրաբար կատարված հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը և գույքի հնարավոր բռնագրավումը, քննիչը որոշել է կալանք դնել Սերժ Սարգսյանի 489 մլն 160 հազար դրամի սահմանաչափով շարժական և անշարժ գույքի և ֆինանսական միջոցների վրա»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

Փաստաբանը նշեց, որ ոչ իրավաչափ գործողություններով Սերժ Սարգսյանի համար առաջացել են մի շարք սահմանափակումներ սեփականության տնօրինման հետ կապված, ուստի կալանավորված գույքը ենթակա է ազատման։