գլխավոր Իրադարձային Հարաբերությունները լարված են. Սաուդյան Արաբիան փակել է մի շարք թուրքական դպրոցներ

Հարաբերությունները լարված են. Սաուդյան Արաբիան փակել է մի շարք թուրքական դպրոցներ

Սաուդյան Արաբիայի կառավարությունը, որը 2020 թվականից աջակցում է «Արտադրված է Թուրքիայում» պիտակով արտադրանքի ոչ պաշտոնական բոյկոտին, 5 թուրքական դպրոց է փակել Մեքքայում և Մեդինայում: Այս մասին տեղեկացնում է Sözcü լրատվականը:

Չնայած Անկարայի բոլոր ջանքերին, 2020-ի վերջին արաբական խոշորագույն միապետության կառավարությունը որոշել է դադարեցնել թուրքական կրթական հաստատությունների գործունեությունը Սաուդյան Արաբիայի նշված քաղաքներում, որտեղ գտնվում են իսլամական գլխավոր  սրբությունները, նշել է Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյա Ահմեթ Էմրե Բիլգիլին:

Անկարայի և Էր Ռիադի դիվանագիտական հարաբերությունները լարված են մնում այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում սուննի երկու տերությունների միջև քաղաքական ճգնաժամը բռնկվեց 2018-ի հոկտեմբերին Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսությունում ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով: Դրան հաջորդել են Թուրքիայի ղեկավարության կոչերը՝ «միջազգային դատավարություն» անցկացնել իշխող Ալ Սաուդ տոհմի բարձրագույն ներկայացուցիչների նկատմամբ՝ այդ հանցագործությանը նրանց մասնակցության համար, ինչը դրդել է Էր Ռիադին նվազագույնի հասցնել իր հարաբերություններն Անկարայի հետ և ոչ պաշտոնական բոյկոտ հայտարարել Թուրքիային թագավորությունում: