գլխավոր Գլխավոր Պատերազմի հետևանքով 472 անձ է հաշմանդամ դարձել

Պատերազմի հետևանքով 472 անձ է հաշմանդամ դարձել

Զինվորական ծառայության ժամանակ վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ, որտեղ կիրականացվեն ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի և մասնագիտական կողմնորոշման ծառայություններ։ Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» նախագծին։

«Առաջին փուլում կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ 6 մարզերում, և կընտրվեն այն մարզերը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ավելի մեծ է։ Իսկ ինչ վերաբերում է պրոթեզավորման խնդիրներին, ապա արդեն իսկ կարիքների գնահատում ենք իրականացրել. գնահատել ենք նրանց միջավայրի խնդիրները` մասնավորապես, տնային պայմանները, քանի որ հաճախ տնային պայմանները թույլ չեն տալիս ազատ տեղաշարժ կատարել անգամ պրոթեզավորման դեպքում»,–ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա հայտնեց նաև, որ Եվրոպայի և Ամերիկայի միջազգային պրոթեզարանների հետ պայմանավորվածություն ունեն և առաջիկայում փուլ առ փուլ կիրականացվի պատերազմի հետևանքով անդամահատվածների պրոթեզավորումը։ 

Նշենք, որ որոշման նախագծում որոշակի թվային տվյալներ են ներկայացված։ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ` հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված է 9022 հաշմանդամություն ունեցող զինվորական, որոնց 79%–ը աշխատանքային տարիքի են: Միաժամանակ, այս տարվա փետվարի 16-ի դրությամբ վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն է ստացել 472 անձ, այդ թվում՝ 70 անձի 1-ին, 147 անձի՝ 2-րդ, 255 անձի՝ 3-րդ խմբի հաշմանդամության կարգ է տրվել։

Սկզբնաղբյուր՝ Sputnik