գլխավոր Իրադարձային «168 ժամ». Ժամանակը սպառվում է․ կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձ­րացման խնդրի...

«168 ժամ». Ժամանակը սպառվում է․ կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձ­րացման խնդրի առաջ

«Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը: Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին:

««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկ­տեմբերի 30-ին երկարաձգել են Հա­յաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար»,- հայտա­րարեց «Գազպրոմը»:

Այդ ընթացքում նախատեսվում էր շարունակել բանակցությունները մատակարարվող գազի գնի վերա­բերյալ: Գործող պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019 թ. վերջին, մեկ տարի ժամկետով էր: Այն պիտի ավարտվեր անցած տարվա դեկտեմ­բերի 31-ին և ստորագրվեր նոր պայ­մանագիր:

Բայց նոր պայմանագիր չստո­րագրվեց: Որպես բարի կամքի դրսևորում ռուսական կողմը 3 ամ­սով երկարաձգեց գործող պայմանա­գիրը:

ժամկետն ավարտվում է մարտի 31-ին: Դա նշանակում է, որ հաշված օրերի ընթացքում պետք է հստակեց­վի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը:

Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 16-18-ը Ռուսաս­տան է գործուղվել պատվիրակու­թյուն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Թեև որոշ­ման մեջ նշված չէ այցի բուն նպա­տակը, այնուհանդերձ դատելով պատվիրակության կազմից, կարելի է ենթադրել, որ այն կապված է գազի գնի շուրջ ընթացող բանակցություն­ների հետ: Մհեր Գրիգորյանը վերջին տարիներին այս հարցով հայկական կողմի գլխավոր բանակցողն է: Պատ­վիրակության կազմում ընդգրկված են նաև էներգետիկայի ոլորտը հա­մակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայու­թյունները համակարգող հանձնաժո­ղովի նախագահը:  

Թե այս անգամ ինչո՞վ կվերադառ­նա պատվիրակությունը Մոսկվայից, շուտով կիմանանք: Մի բան փաստ է, որ մինչև հիմա վարվող բանակցու­թյունները մեր օգտին չեն եղել: Նիկոլ Փաշինյանի կառավարությանն այդ­պես էլ չհաջողվեց հասնել գազի ներ­մուծման գնի նվազեցման:

Ընդհակառակը՝ 2019 թ. այն թան­կացավ: Ստորագրվեց պայմանագիր ներմուծման գինը 10 տոկոսով բարձ­րացնելու վերաբերյալ: Եթե մինչ այդ Հայաստանը ռուսական գազը ստա­նում էր 150 դոլարով, սկսեց ստանալ 165 դոլարով:

Այդ գինը գործում է նաև այս պա­հին: Սակայն այն սպասում է վերա­նայման:

Եթե չհաջողվի հասնել ներմուծ­ման գնի նվազեցման, ապա դա ազ­դելու է նաև ներքին սակագների վրա: Նույնիսկ ներմուծման այսօրվա գնի պահպանումը հնարավորություն չի տալու խուսափել ներքին սակագնե­րի բարձրացումից: Վերջին մի քանի ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումն էապես մեծացրել է ճնշումը գազի սակագնի վրա: Գործող սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 480 դրամ փոխարժե­քով: Այնինչ այսօր դոլարի գինը տա­տանվում է 525-530 դրամի միջակայ­քում: Այսինքն՝ առնվազն 45-50 դրա­մով ավելի բարձր է, քան դոլարի այն փոխարժեքն է, որը դրված է գազի սակագնի հաշվարկման հիմքում: Սա ֆինանսական լուրջ ծանրաբեռնվա­ծություն է գազամատակարար ընկերության համար:

Միայն այդ հանգամանքը բավա­կան է, որպեսզի նույնիսկ ներմուծ­ման գնի պահպանման պարագայում հանգեցնի ներքին սակագների վե­րանայման: Չհաշված, որ այլ առում­ներով, մասնավորապես, տնտեսա­կան իրավիճակով պայմանավոր­ված, ևս մեծացել է ճնշումը ներքին սակագների վրա:

Իսկ թե ինչ է նշանակում ներքին սակագների բարձրացումը սպառող­ների համար, դժվար չէ պատկերաց­նել հատկապես այսօրվա տնտեսա­կան ու սոցիալական իրավիճակում: Տնտեսությունն առանց այդ էլ կաթ­վածահար վիճակում է, իսկ հասարա­կությունը կանգնած է սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ կապ­ված մի կողմից ակտիվ գնաճի, մյուս կողմից եկամուտների կրճատման հետ: Դրանք նաև գազի նախորդ թանկացման հետևանքներն են, որոնք այսօր սպառողներն իրենց մաշկի վրա զգում են ապրանքների ու ծառայությունների գների բարձ­րացման տեսքով:

Վերջին անգամ գազի սակագները վերանայվեցին անցած տարվա հու­լիսին: Այն ժամանակ արտաքուստ հաջողվեց խուսափել բնակչությանը մատակարարվող գազի թանկացումից: Բարձրացվեց տնտեսությանը մատակարարվող գազի սակագինը: Բայց դրա հետևանքներն այսօր կրում են ինչպես տնտեսությունը, այնպես էլ հասարակությունը:

Այս պայմաններում սակագների ևս մեկ բարձրացումը կործանարար ազ­դեցություն կարող է ունենալ տնտե­սության վրա: Առանց այդ էլ գազի սակագները լուրջ խոչընդոտ են բիզ­նեսի զարգացման և հայկական ապ­րանքների մրցունակության համար: Այն անուղղակիորեն ազդում է ինչ­պես ապրանքների ու ծառայություն­ների գների վրա, այնպես էլ թան­կացնում է հոսանքը: Դրան մենք հեր­թական անգամ բախվեցինք վերջերս՝ փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձ­րացնելով էլեկտրաէներգիայի սակա­գինը:

Թեպետ դրանով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա չթուլացավ: Այն շարունակում է մե­ծանալ կապված էներգաարտադրության կառուցվածքի փոփոխության հետ: Էժան հոսանքի փոխարեն վեր­ջին շրջանում ստիպված ենք ավելի շատ թանկ հոսանք սպառել:

Այսքանից հետո, հիմա կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձ­րացման ռիսկերի առաջ ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա­յում:

Անցած տարվա սկզբին, երբ հա­մաշխարհային շուկայում արձա­նագրվում էր էներգակիրների գների նվազում Հայաստանի կառավարու­թյունը շտապեց ուլտիմատում ներ­կայացնել Ռուսաստանին գազի ներ­մուծման գինը նվազեցնելու համար: Մհեր Գրիգորյանը նամակ գրեց «Գազպրոմի» վարչության նախագա­հին՝ առաջարկելով նոր իրողություն­ների պայմաններում սկսել բանակ­ցություններ Հայաստանին մատա­կարարվող գազի գնի նվազեցման վերաբերյալ: Այն ժամանակ չէին մտածում, որ գազի միջազգային գնե­րը կարող են նաև բարձրանալ: Այն, ինչին հիմա ականատես ենք լինում: Ու դրա հետևանքով «Գազպրոմն» այսօր հակված է գնալ մատակարարման գների բարձրացման: Այս տարվա սկզբին արված գնահա­տումներով ընկերությունը վերանա­յել է գազի արտահանման միջին գնի նախորդ կանխատեսումը: Այն ժամա­նակ ակնկալիքը 170 դոլար էր, հիմա դարձել է 200 դոլար:

Դա ինչքանո՞վ կարտահայտվի նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա, կտեսնենք առաջի­կայում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: