գլխավոր COVID-19 Գյումրի ԲԿ-ն նորից կսպասարկի կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին

Գյումրի ԲԿ-ն նորից կսպասարկի կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլիի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքն այսօրվանից վերաբացվեց։

Այս պահի դրությամբ Գյումրի ԲԿ-ում բուժվում են 15 հիվանդ, որոնցից վեցն են Շիրակի մարզից։ Նույն հիվանդանոցի տրիաժ բաժանմունքում կան 11 հիվանդներ։ Շիրակի մարզում տնային բուժում ստանում են 79 հոգի։ Այսօր կատարվել է 69 նմուշառում, թեստերի պատասխանները հայտնի կդառնան մոտ մեկ ժամից։ Արմեն Խաչատրյան Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ ստացիոնար բուժման են տեղափոխվում մայրաքաղաքի ու Գյումրի ԲԿ-ի տրիաժ բաժանմունքի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանները դրական են։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Գյումրի բժշկական կենտրոնում դադարեցրել էին բուժել կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների, ավելի վաղը՝ հունվարի 15-ից էլ փակել էին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կորոնավիրուսային ծառայությունը։ Պատճառն այն էր, որ այս մարզում կորոնավիրուսով վարակված հատուկենտ հիվանդներ կային։