գլխավոր Իրադարձային Լիբիան պատմության մեջ առաջին անգամ կին արտգործնախարար ունի

Լիբիան պատմության մեջ առաջին անգամ կին արտգործնախարար ունի

Լիբիայի պատմության մեջ առաջին անգամ կին է ստանձնել արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Նաջլա Մանգուշն իր պաշտոնավարումը սկսել է չորեքշաբթի: Ինչպես հայտնել է Al-Marsad տեղեկատվական պորտալը, իշխանության փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Տրիպոլիում ԱԳՆ-ի շենքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մանգուշը փոխարինել է Մուհամեդ Թահեր Սիյալային, ով 2016-ի մարտի կեսերից հինգ տարի ղեկավարում էր երկրի արտաքին գործերի նախարարությունը: 

Աբդուլ Համիդ Դբեյբայի Լիբիայի Ազգային միասնության կառավարությունում (ԱՄԿ) նախարարարական պաշտոնները հինգ կին է զբաղեցրել: Նաջլա Մուհամեդ ալ-Մանգուշը բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել նախ Բենգազիի համալսարանում, ապա ուսումը շարունակել է ԱՄՆ-ում: Մարտի 15-ին խորհրդարանում նախարարների կաբինետի երդմնակալության արարողությանը նա միակն էր առանց հիջաբի:

Լիբիայի խորհրդարանը մարտի 10-ին վստահության քվե է հանձնել ԱՄԿ-ին, որի ձեւավորմամբ վերջ դրվեց Լիբիայում երկիշխանության երկար ժամանակահատվածին: Դբեյբայի կաբինետը 35 պաշտոն է ներառում՝ 27 նախարար, վեց պետնախարար եւ երկու փոխվարչապետ առանց պորտֆելի: Միաժամանակ Տրիպոլիում Գերագույն դատարանի առջեւ երդում տվեցին նաեւ Նախագահական խորհրդի անդամները: