գլխավոր Գլխավոր Իրանում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում հայկական գրանցման օդանավի մասին

Իրանում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնում հայկական գրանցման օդանավի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից է տեղեկացել փետրվարի 20–ին Թեհրանում արտակարգ վայրէջք կատարած հայկական գրանցման Բոինգ 737 օդանավի հետ կապված միջադեպի մասին։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է  Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Վերջինս միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳՆ–ն հանձնարարել է Իրանում ՀՀ դեսպանությանը աջակցություն ապահովել Բոինգ 737–ի հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Դեսպանը, վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվությունը, NEWS.am–ին հավաստիացրել է, որ օդանավի արտակարգ վայրէջքը կատարվել է տեխնիկական պատճառներով։

«Այդ ողջ ժամանակահատվածում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ կառավարության, ԱԳՆ–ի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության և իրանական պատկան մարմինների հետ»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում օդանավը վերադարձնել Հայաստան և այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է իրականացնում Իրանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Թումանյանը կոնկրետ ժամկետներ չի նշել.

«Թեհրանում գտնվող ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության ներկայացուցիչները  մինչ օրս իրականացնում են օդանավի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և առկա թերությունների վերացման աշխատանքներ։ Տարբեր ատյանների հետ կապերի և հայաստանյան  ներկայացուցիչների համար աշխատանքային պայմանների ապահովման համար ՀՀ դեսպանություն իրականացնում է անհրաժեշտ բոլոր աշխատանքները»,–տեղեկացրել է դեսպանը։ Անդրադառնալով օդանավի՝ Իրանում հնարավոր վաճառքի վերաբերյալ տեղեկություններին,  Արտաշես Թումանյանը հայտնել է, որ ՀՀ դեսպանությունը որևէ տեղեկություն չունի և չի կարող մեկնաբանություն տալ։