
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ներքին կարգով տեղեկություններ ունի, որ դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ կարգելվի ԳՇ նոր պետի նշանակումը։ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց այդ մասին` անդրադառնալով Օնիկ Գասպարյանի` պաշտոնից ազատվելու հարցով Վարչական դատարան դիմելուն։
«Առավոտյան դատարանի հետ կապ կհաստատեմ և մեր հայցի ապահովման միջնորդության առնչությամբ դատարանի որոշումը կվերցնեմ։ Այդ ժամանակ կարող եմ հստակ ասել` ճի՞շտ են մեր լուրերը, թե ոչ։ Սակայն դատարանը վարույթ է ընդունել իմ` իրավահարաբերության ճանաչման հայցը, որի մասին որոշումն իմ ձեռքի տակ է»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` վերոհիշյալ հայցով խնդրել էին դատարանին ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ նախ Վարչական դատարան 2 հայց են ներկայացրել` պաշտոնից ազատման առոչնչության և դրա վիճարկման առնչությամբ։ Սակայն երկուսն էլ դատարանը հետ է վերադարձրել։ Նույն օրը երրորդ` իրավահարաբերության բացակայության հայց է ներկայացվել։
Ի դեպ, հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։
Նշենք, որ եթե հայցի ապահովման միջոցի միջնորդությունը բավարարվի, սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել ԳՇ պետի պաշտոնում։