գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի համատեղ հայտարարությունը զայրացրել է Չինաստանին

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի համատեղ հայտարարությունը զայրացրել է Չինաստանին

Չինաստանը ԱՄՆ-ին եւ Ճապոնիային բողոք է հայտնել նրանց համատեղ հայտարարության պատճառով՝ նշելով, որ դա «չարամիտ հարձակում» է իր արտաքին քաղաքականության վրա եւ լուրջ միջամտություն Չինաստանի ներքին գործերին, փոխանցում է AP-ն:

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է այդ հայտարարությանը:

Ամերիկա-ճապոնական հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում Թայվանին սպառնալիքի, Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների, Հարավ-Չինական ծովում Չինաստանի գործունեության եւ Ճապոնիայի կողմից վերահսկվող կղզիների նկատմամբ «ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված միակողմանի գործողությունների» կապակցությամբ:

Այս հայտարարությունը «չարամիտ հարձակում է Չինաստանի արտաքին քաղաքականության վրա, լուրջ միջամտություն ներքին գործերին եւ Չինաստանի շահերին վնաս հասցնելու փորձ», ամենօրյա ճեպազրույցում լրագրողներին ասել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը չափազանց դժգոհ է եւ կտրականապես առարկում է դրա դեմ, եւ մենք պաշտոնապես ներկայացրել ենք Միացյալ Նահանգներին ու Ճապոնիային»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է քննարկել Սինցզյանի եւ Հոնկոնգի նկատմամբ իր քաղաքականությունը: «Բայց հանդիպումից առաջ հանրային կարծիքը դիտավորյալ մոլորության մատնելու եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ փորձերը հաջողությամբ չեն պսակվի,- ասել է Չժաո Լիցզյանը: – Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում պահպանել միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը եւ չզբաղվել այնպիսի բաներով, որոնք սպառնալիքի տակ են դնում Չինաստանի հիմնական շահերը»:

Նշենք, որ վաղը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալյասկայում պետք է հանդիպի Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի եւ արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Յան Ցզեչիի հետ: