գլխավոր Իրադարձային Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի մեջ․ նրան սպառնում է մինչև 1 տարվա...

Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի մեջ․ նրան սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում և 4500 ԱՄՆ դոլար տուգանք

Վերջերս կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դարձյալ կկանգնի դատարանի առաջ՝ այս անգամ 2012-ի նախագահական քարոզարշավի ընթացքում յուրացումների և խարդախությունների համար, գրում է France 24-ը: 

Մասնավորապես, նշվում է՝ ձախողված քարոզարշավի ընթացքում նախկին պաշտոնյան բյուջեով նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալը գերազանցել է 24 միլիոն դոլարով ՝ հանրահավաքների ու աջակիցների հետ հանդիպումների չափազանց մեծ նախագծի պատճառով: Ծախսերը փոխհատուցելու համար նրա շտաբի աշխատակիցները ստիպված են եղել կեղծ հաշիվների միջոցով դիմել ֆինանսական խարդախությունների:

Ինքը՝ Ֆրանսիայի նախկին ղեկավարը, պնդում է, որ տեղյակ չի եղել, թե իրականում ինչ է կատարվել: 

Նշենք՝ մեղավոր ճանաչվելու դեպքում Սարկոզիին սպառնում է մինչև 1 տարվա ազատազրկում և տուգանք՝ մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով:

Սարկոզին ավելի վաղ ասել էր, որ չի բացառում իր դատական գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելը:

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փարիզի դատարանը կոռուպցիայի և ազդեցության առևտրի գործով Սարկոզիին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման, որից 1 տարին՝ իրական բանտարկության: Գործով անցնող երկու այլ մեղադրյալներ՝ Սարկոզիի նախկին փաստաբան Թիերի Էրզոգը և նախկին դատավոր Ժիլբերտ Ազիբերտը, մեղավոր են ճանաչվել մասնագիտական գաղտնիքները հրապարակելու համար և ստացել են նմանատիպ պատիժներ:

Հետաքննության տվյալների համաձայն՝ նախկին նախագահը իր փաստաբանի միջոցով հավանական է՝ Ազիբերին պաշտոն էր խոստացած եղել Մոնակոյում, որի փոխարենը նա պետք է գաղտնի տեղեկատվություն տրամադրեր մեկ այլ հետաքննության առնչությամբ: Վերջինս վերաբերում էր ֆրանսիական L’Oreal ընկերության ժառանգորդ Լիլիան Բետենկուրի՝ Սարկոզիի 2007 թ. ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներին:

Իրավապահներն այն կարծիքին են, որ 2007 թ.-ին Սարկոզին Բետենկուրտի հետ հանդիպման ժամանակ նրանից ստացել է 150 հազար եվրո կանխիկ գումար: Նա, ենթադրաբար, այս գումարն օգտագործել է իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար: Ֆրանսիայի օրենսդրության համաձայն, թեկնածուներին արգելվում է ավելի քան 4,6 հազար եվրոյի չափով նվիրատվություն ընդունել: