գլխավոր Իրադարձային Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությանը մոտ կանգնած գործարարը բենզինի համար կարողանում է...

Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությանը մոտ կանգնած գործարարը բենզինի համար կարողանում է շատ ավելի ցածր գին առաջարկել, քան մյուսները․168.am

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է բացահայտելու տնտեսական մրցակցության խախտումները, դարձել է գների բարձրացումներն արդարացնող և հիմնավորող մարմին։ Ներկայացնում է վերլուծություններ այս կամ այն շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների վերաբերյալ, իսկ վերջում եզրակացնում, որ ամեն ինչ օրենքի ու օրինականության սահմաններում է։

Այդպիսի ուսումնասիրություններ վերջին ամիսներին կատարվել են շաքարավազի, կարագի, ձեթի և այլ շուկաներում։ Նման մի ուսումնասիրության արդյունքներ էլ օրերս հրապարակվեց վառելիքի շուկայի վերաբերյալ, որտեղ վերջին շրջանում արձանագրվել են գների էական բարձրացումներ։ Եզրակացությունն այն է, որ խախտումներ չկան, իսկ գների բարձրացումները պայմանավորված են շուկայական գործոններով։

«Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռք բերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկտիվ մի շարք շուկայական գործընթացներով»,- արձանագրել է Հանձնաժողովը։

Որպես գների բարձրացման վրա ազդող օբյեկտիվ գործոններ՝ նշվել են ձեռքբերման գների աճն ու ազգային արժույթի թուլացումը։

Այն, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսն ունեն իրենց դերը գների փոփոխության գործում, այդպես էլ կա։ Սակայն խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, թե այդ ազդեցությունները որքանով են համարժեք արտահայտվել ներքին շուկայի մասնակիցների մոտ։

Վառելանյութի շուկայի հետ կապված հարցականները միշտ էլ շատ են եղել։ Այս շուկան տարիներ շարունակ լինելով բարձր կենտրոնացվածության՝ մշտապես եղել է ուշադրության կենտրոնում։ Հնչել են տարբեր կարծիքներ՝ շուկայում հակամրցակցային համաձայնությունների, չարաշահումների ու խախտումների հետ կապված։

Այսօր էլ վառելանյութի շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է բարձր լինել։ Հիմնական խաղացողները գրեթե նույնն են։ Թեև վերջին շրջանում այստեղ փորձում է տեղավորվել իշխանություններին մոտ կանգնած հայտնի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը։

Վերջինիս պատկանող «Սիլ կոնցեռնն» օրերս ձեռք բերեց վառելանյութի բիզնեսում վաղուց գործող, բայց ոչ մեծ ազդեցություն ունեցող «Ռան Օյլ» ընկերությունը կամ դրա մի մասը։ Այս գործարքից հետո ընկերության նոր սեփականատերը փորձում է ամրանալ շուկայում և ընդլայնել իր դիրքերը։ Ու դա անում է՝ կիրառելով ցածր գնային քաղաքականություն։

Մինչ շուկայի խոշոր խաղացողների մոտ վառելանյութի գները բարձրանում են, որի պատճառը, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության, ձեռքբերման գների աճն ու դրամի արժեզրկումն է, «Ռան Օյլն» առաջարկում է շատ ավելի արտոնյալ գներ։ Ռեգուլյար տեսակի բենզինի գինը «ՍիՓիԷս Օիլի» և «Ֆլեշի» մոտ 410 դրամ է, իսկ «Ռան Օյլն» առաջարկում է 370 դրամով։ Նույնը նաև պրեմիումի դեպքում է՝ 430 դրամ «ՍիՓիԷս Օիլի» և «Ֆլեշի» մոտ է, 390 դրամ՝ «Ռան Օյլի»։ Երկու դեպքում էլ տարբերությունը 40 դրամ է։

40 դրամը բավական լուրջ շեղում է բենզինի գնի մեջ։ Ուստի բնական հարց է առաջանում՝ հիմնավորվա՞ծ է նման շեղումը, թե՞ ինչպես երբեմն լինում է՝ գործ ունենք այլ երևույթի հետ։ Խոսքը դեմպինգային գների կիրառման մասին է։

Արդյո՞ք իշխանություններին մոտ կանգնած գործարարին պատկանող ընկերությունը չի չարաշահում մրցակցային կանոնները և դեմպինգային գներ չի կիրառում՝ շուկայում իր ներկայությունն ընդլայնելու համար։

Կամ գուցե մյուս ընկերություննե՞րն են անհարկի բարձր գներ սահմանել։

Այս հարցերին է, որ այսօր առաջին հերթին պետք է պատասխանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Եթե գների բարձրացումը, ըստ նրա, հիմնավոր է և կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպիսին միջազգային շուկաների գնաճն է, ձեռքբերման թանկացումն ու դրամի թուլացումը, ապա ինչպե՞ս է ստացվել, որ շուկայում այդպիսի մեծ շեղում կա.  ընկերություններից մեկը կարողանում է 10 տոկոսով ավելի ցածր գին առաջարկել, իսկ մյուսները՝ ոչ։

Ինչ-որ բան այստեղ, թվում է, այն չէ։

Անշուշտ, շատ լավ է, որ շուկայում կա էժան առաջարկ։ Որքան ցածր գին, այնքան լավ սպառողի համար։

Բայց խնդիրն այս պարագայում սպառողը չէ։ Խնդիրը շուկայի մրցակցային միջավայրի մեջ է։

Ինչպե՞ս է ստացվում, որ շուկայի խոշոր մասնակիցների մոտ գները շատ ավելի բարձր են, քան համեմատաբար ավելի համեստ մասնակցություն ունեցող ընկերության պարագայում է։

Սա կասկածների տեղիք է տալիս, և այդ կասկածները փարատելու անհրաժեշտություն կա։ Դա պետք է անի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Բայց Հանձնաժողովն ուսումնասիրում է շուկան ու այդ առումով ոչինչ չի ասում։ Պարզ է, որ վերջին շրջանում ի հայտ են եկել արտաքին ու ներքին որոշ գործոններ, որոնք կարող էին հանգեցնել ներքին շուկայում վառելանյութի գների բարձրացման։ Դրա համար հատուկ ուսումնասիրություն պետք չէր անել։

Հանձնաժողովի խնդիրը ոչ թե գների բարձրացումը հիմնավորելն է, այլ շուկայի մասնակիցների վարքագիծը բացահայտելը։ Արդյո՞ք չկան չարաշահումներ նրանց վարքագծում։

Վերջին շրջանում վառելանյութի բիզնեսում կարծես նոր պրոցեսներ են սկսվել։ Տպավորություն է, որ տեղի է ունենում շուկայի վերաբաշխում, որին փորձում է միջամտել իշխանություններին մոտ կանգնած հայտնի գործարարը։

Նման իրավիճակի հետ նախկինում առիթ ունեցել ենք բախվել, երբ շուկայի մասնակիցներից մեկը՝ օգտվելով իշխանության հովանավորությունից՝ համեմատաբար ցածր գներ սահմանելով, կարողացավ կարճ ժամանակահատվածում ամրապնդել իր դիրքերը շուկայում։

Ինչ-որ պահի սպառողներն ավելի ցածր գնով վառելանյութ գնելու հնարավորություն ստացան։ Սակայն կարճ ժամանակ անց, երբ ավարտվեց շուկայի վերաձևումը, գները վերականգնվեցին։

Արդյո՞ք նույնը չի կրկնվում հիմա։