գլխավոր Իրադարձային Ադրբեջանի օգտին ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի «լրտեսության» լուրերի հետքով. Sputnik

Ադրբեջանի օգտին ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի «լրտեսության» լուրերի հետքով. Sputnik

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ համացանցում տարածված լուրերը, թե նա Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել։ Sputnik Արմենիան ԱԱԾ և ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակ գրավոր հարցում է ուղարկել և ստացել հետաքրքիր պատասխաններ։

ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու վերաբերյալ տվյալներ ՀՀ ԱԱԾ–ում առկա չեն։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ համացանցում տարածված այն լուրերը, որ նա հեռացել է Հայաստանից, քանի որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Քլարկ-Հաթինգի հայաստանյան պաշտոնավարումը դադարեցվել է, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել նրա` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։

Sputnik-ը ԱԱԾ-ից հետարքրվել էր նաև, թե արդյո՞ք ստուգում իրականացվում է Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից լրտեսություն կատարելու լուրերի առնչությամբ։ «ԱԱԾ–ն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները»,–նշված էր Sputnik-ի հարցին ի պատասխան։

Միաժամանակ, Sputnik-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչություն` հետաքրքրվելով, թե ի՞նչ թերացումների մասին է հայտնել ԱԳՆ խոսնակը, արդյոք մինչ այս խնդիրներ առաջացել են Քլարկ- Հաթինգի աշխատանքի առնչությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը հայտնել է, որ Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և զարգացման ոլորտի գործունեությանը նվիրված պրոֆեսիոնալ է, որը մինչև Հայաստանում պաշտոն ստանձնելը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն էր Մալազիայում։

«Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի համակարգում այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիայում, Գանայում, Բենինում և Մադագասկարում»,–գրել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ-ում 1994 թվականից աշխատել է հանուն Հայաստանի երեխաների, և սերտորեն ու արդյունավետ կերպով համագործակցում է ՀՀ կառավարության հետ։

Հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք կա Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ներկայացուցչի թեկնածու, ինչին էլ Սարգսյանը դրական է պատասխանել ու նշել, որ սպասում են նոր թեկնածուի հաստատմանը։ «Հուսով եմ, որ շուտով կհրապարակենք նրա կենսագրականը»,–ասել է Սարգսյանը։

Նա նաև հայտնել է, որ Մարիան Քլարկ- Հաթինգն արդեն գործուղվել է մեկ այլ գրասենյակ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ ստուգում է Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ տեղեկությունները, սակայն դատախազությունում նման տեղեկատվություն և դրա առնչությամբ քրեական գործ չկա։

Սկզբնաղբյուր՝ Sputnik:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: