գլխավոր Իրադարձային «Ինտերպոլի» նման որոշումը Հայաստանի իրավապահ համակարգի համար խայտառակություն է․Արամ Վարդևանյան

«Ինտերպոլի» նման որոշումը Հայաստանի իրավապահ համակարգի համար խայտառակություն է․Արամ Վարդևանյան

Այդ ընդունված ակտն այն աստիճանի է հեղինակազրկվել, որ նույնիսկ «Ինտերպոլը» դրան որեւէ կարեւորություն չի տալիս։ NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել է փաստաթուղթ այն մասին, ըստ որի «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը «Ինտերպոլը» համարել է քաղաքական եւ մերժել է կոնկրետ դեպքով համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։

«Նույնիսկ ուղղակիորեն արձագանքում է, նշելով, որ սա քաղաքականացված հետապնդում է, որն ինքնին բացառում է «Ինտերպոլի» կողմից որեւէ գործողության կատարումը։ Դա արդեն խոսում է նրա մասին, ինչը մենք ասում էին այսքան ժամանակ։ Տվյալ դեպքում՝ Հայաստանի իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հետապնդումների գործիքի։ Չէ՞ որ մենք դրա մասին խոսում էինք դեռեւս 2018 թվականին։ Ասում էինք, որ այսպիսի դատական ակտերը, քաղաքական պատվերներն ամբողջությամբ ապօրինի են։ Մենք նշում էինք, որ քաղաքականացված իրավապահ համակարգը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ «Ինտերպոլը», փաստորեն, հայտարարեց, որ դուք քաղաքական հետապնդում եք իրականացնում, որն իրավական հետեւանք չի կարող ունենալ»,- նշեց փաստաբանը։

Նա շեշտեց, որ «Ինտերպոլի» նման որոշումը Հայաստանի իրավապահ համակարգի համար խայտառակություն է։

«Երբ մենք ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ասում էինք դա, շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, թե դա պաշտպանական մեր մարտավարությունն է։ Տեսեք՝ իրականությունը որն է։ Իրականությունն այն է, որ նույնիսկ «Ինտերպոլն է արձագանքում եւ արձանագրում Հայաստանի իրավապահ համակարգի խայտառակ վիճակը»։

Վարդեւանյանն ասաց, որ Հայաստանում հարուցված որեւէ քրեական գործով երբեք նման դեպք չի արձանագրվել. «Ես մեծ ցավ եմ ապրում, որովհետեւ սա մեր հայրենիքն է, որի հեղինակությունն այս աստիճանի ընկել է։ Նախկինում էլ հաճախ է ասվել՝ քաղաքական գործ է եւ այլն, սակայն նման արձագանք չի եղել երբեւէ»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Մարտի 1-ի» ֆոնը բացահայտված է՝ Արամ Վարդեւանյանն ասաց. «Վերջում էլ ասաց, որ այն վերածվել է ֆոների մասնագետի եւ Դատախազությանն էլ ներքաշում է ֆոնային մասնագիտացման մեջ. իրենք ֆոներն են բացահայտում։ Ի դեպ՝ ես առաջին անգամ էի լսում նման արտահայտություն, թե ո՞րն է իրավական ոլորտում ֆոնը, ես չգիտեմ։ Իրենք այդպիսի տերմիններով են աշխատում։ Ես ասեմ, որ ոչինչ չեն բացահայտել, բացառապես մատնված են անգործության եւ բացառապես իրականացրել են խայտառակ ձեւի քաղաքական հետապնդում, որի հետեւանքները լինելու են այդ պատվիրատուների համար»։