գլխավոր Իրադարձային Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևներ է հանձնում զոհվածների...

Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևներ է հանձնում զոհվածների հարազատներին

Ազգովի լծվենք ուժեղ և անպարտելի պետություն ունենալու գործին. այն աշխարհի քարտեզի վրա մեր երկիրը հավերժ ունենալու հրամայականն է․խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը  այս խոսքերով է բացում վերջին պատերազմում զոհված իր զինվորների, սպաների հիշատակին նվիրված միջոցառումը։

«Մեկ անգամ ևս պիտի մեր հարգանքի տուրքը մատուցենք բոլոր այն տղաներին, ովքեր անհավասար այդ կռվում մինչև վերջին շունչը մարտնչեցին հանուն հայրենիքի, հանուն ՀՀ-ի, հանուն մեր վաղվա օրվա: Իմ ներսում բոլոր այս իրարամերժ զգացողությունների կողքին ապրում է այն մեծ հույսը, որի զինվորը պիտի դառնանք բոլորս, և որը մեզ նորից ու նորից կմղի դեպի հաղթանակներ, դեպի արժանապատիվ ապրելուն, արարելուն, մեր երկիրը շենացնելուն:

Ու հենց այս ամենի համար այսօր մեզ առավել քան անհրաժեշտ է միասնականություն, համախմբում, մեկս մյուսի ցավով և հոգսերով ապրելու շնորհ, ինչն ուղեկցել է մեր ժողովրդին ամենադժվարին ու օրհասական պահերին, երբ թվացել է՝ ամեն բան ավարտված է, այլևս չկան ելքեր ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու և փյունիկ թռչունի պես վեր հառնելու համար: Ուրեմն եկեք հավատանք մեզ, մեր ներուժին և նվիրումին, ազգովի լծվենք պատերազմի ծանր մղձավանջը մեր ուսերից թոթափելու, մեր հայրենիքը շենացնելու, ուժեղ և անպարտելի պետություն ունենալու գործին, որն այսօր ոչ միայն  բարոյական, այլև մեր լինել-չլինելու, աշխարհի քարտեզի վրա մեր երկիրը հավերժ ունենալու հրամայականն է»,- շեշտեց  գեներալը: