գլխավոր Քաղաքականություն Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին

Մարտի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդար կարգավորման նպատակով։  

Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։

Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։

Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում։

Հավելենք, որ մինչ Հայաստան այցելելը Անն Լինդեն եղել էր Բաքվում, հանդիպել այդ երկրի արտգործնախարարի հետ։

Սկզբնաղբյուր՝ Sputnik: