գլխավոր Քաղաքականություն Երբ հայցադիմումը ուղարկվում է «Ինտերպոլ», մենք չենք ուսումնասիրում մեղադրանքը․ փոխոստիկանապետը՝ Գեւորգ Կոստանյանի...

Երբ հայցադիմումը ուղարկվում է «Ինտերպոլ», մենք չենք ուսումնասիրում մեղադրանքը․ փոխոստիկանապետը՝ Գեւորգ Կոստանյանի մասին

Ոստիկանությունը «Ինտերպոլից» չի ստացել պատասխան, թե Գևորգ Կոստանյանի հետախուզման գործում քաղաքական հետապնդում կա։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ տեղեկատվություն տրամադրել, որովհետև նոր է հրապարակվել տվյալ փաստաթուղթը։ Մենք մոտ 500 հոգի ունենք, որոնք հետախուզվում են «Ինտերպոլի» կողմից, հետևաբար՝ բոլորին չեմ կարող հիշել։ Մենք, ըստ էության, քաղաքական հիմնավորմամբ գործեր չենք ստանում։ Մենք ստանում ենք հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումներ և այնտեղ մեղադրանքները բազմաթիվ են։ Երբ ուղարկվում է հայցադիմումը, մենք չենք ուսումնասիրում մեղադրանքը, մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերի ամբողջականությունը և դրա համապատասխանելիությունը «Ինտերպոլի» փաստաթղթերի տրամադրման կանոններին։ Եթե մեղադրանքն այնտեղ կա, հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումը կա, ամբողջ փաստաթղթերը կան, մենք ներկայացնում ենք։ «Ինտերպոլի» կանոնադրության երրորդ հոդվածով տրված է, որ «Ինտերպոլը» որևէ գործունեություն չի ծավալում քաղաքական, կրոնական, ռազական, սեռական բնույթի հանցագործություններով, և մեր պատմության մեջ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումներ եղել են, որոնք տվյալ հիմնավորումներով մերժվել են։ Այս պահին կոնկրետ դեպքեր մտաբերել չեմ կարող։ Կարող եք գրավոր դիմել, մենք ձեզ կպատասխանենք»,- ասաց Արա Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետի խոսքով՝ մարտի 3-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի պատուհանից երևացող դիպուկահարների մասով ինքը որևէ պարզաբանում չի կարող տալ, իսկ լուսային և ձայնային նռնակները հնարավոր սադրանքները կանխելու նպատակով էին․ «Մենք նաև այդ օրը լրատվամիջոցներով հայտարարություն էինք տարածել, համաձայն որի, ստացվել էին տեղեկություններ, որ հնարավոր են սադրանքներ, և այդ ամենը եղել է այդ սադրանքներից խուսափելու և կանխարգելելու նպատակով»։

Հիշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ մարտի 16-ին, հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի «Ինտերպոլը» մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գեւորգ Կոստանյանին՝ համարելով նրա գործը քաղաքական։