
Երևանի ավագանու նիստի ընթացքում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ շատ մտահոգիչ է բյուջեի կատարողականը, քանի որ այն ամեն տարի պակասում է:
«Կատարողականը ես կանվանեի «կապիտուլյացիոն կատարողական»: Ինձ համար հիմնավորում չէ կորոնավիրուսի համաճարակը և պատերազմական իրավիճակը: Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ մնացած համայնքներն ունենալով ավելի սուղ ֆինանսական պայմաններ՝ էլ ավելի արդյունավետ կատարողական են ներկայացրել, քան Երևան քաղաքը: Քաղաքով զբոսնելիս այնպիսի տպավորություն է, ոնց որ 90-ականների սկզբի Երևանը լինի, կորցրել է Երևանը իր տեսքը, գույները խամրած են, փողոցներում՝ փոսեր, կանաչ տարածքները պակասել են, միլիարդավոր դրամներ ենք հատկացնում Կանաչապատման ՀՈԱԿ-ին, արդյունքը չկա: Աշխատակիցներն ասում են՝ կանաչապատումը նենց բան ա, որ մի 10 տարի հետո ենք տեսնելու»,- ասաց Մանրիկյանը:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը չի պատրաստվում 10 տարի սպասել, պնդում է՝ հրատապ լուծումներ են անհրաժեշտ: Մանրիկյանի խոսքով՝ խայտառակ վիճակ է բոլոր ոլորտներում:
«Մենք խոսում ենք կորոնավիրուսի համաճարակի մասին, բայց առողջապահության ոլորտի կատարողականը նայում եմ, բուժհաստատությունների գույք ձեռք բերելը՝ 55%: Աբսուրդային իրավիճակ է: Ո՞վ է պատասխանատու լինելու ի վերջո»,- ասաց Մանրիկյանը:
Միևնույն ժամանակ վստահեցրեց, որ փորձել է հասկանալ խնդիրների պատճառները, սակայն պատասխան չի գտել:
«Մի խնդիր կա, որ կառավարումը սխալ է ընթանում, ու պետք է փոփոխություններ արվեն հիմնավոր: Մենք խցանումների մեջ ենք թաթախված, մի հատ էստակադա չենք սարքում, փողը կա, էստակադա չի սարքվում, ինչի՞ չի սարքվում, եզրաքարեր չեն փոխվում: Պարոն Մարության, մի հատ էստակադա սարքեք, թեկուզ Կրկեսի մոտի էստակադան, խոսք եմ տալիս, նախագիծ կբերեմ, Ձեր անվամբ կկոչենք»,- ասաց Մանրիկյանը: