գլխավոր Իրադարձային Ուժային կառույցները պարտավոր են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը. Բադասյան

Ուժային կառույցները պարտավոր են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը. Բադասյան

Որևէ ՀՀ քաղաքացի չունի անվտանգության խնդիր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:

«Ես ՀՀ որևէ քաղաքացու անվտանգության խնդիր չեմ տեսնում, մենք ժողովրդավարական երկիր ենք, իրավական երկիր ենք, որևէ խնդիր չկա: Բնական է, որ ԱԱԾ-ն պետք է պաշտպանի երկրի ղեկավարին և այդտեղ որևէ սենսացիա փնտրել պետք չէ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նա նաև մեկնաբանեց արտահերթ ընտրությունները և նշեց՝ զավեշտի ժանրից է՝ կարծել, որ վարչական ռեսուրս կօգտագործվի: «Ցանկացած արտահերթ ընտրության ժամանակ բոլոր անվտանգության միջոցները կապահովվեն, ինչ վերաբերվում է վարչական ռեսուրսի կիրառմանը, դա զավեշտի ժանրից է և առնվազն 2018 թվականից հետո ընտրությունների կեղծման փորձ չի եղել, իշխող ուժը ունի մեծ վարկանիշ, IRI-ի արդունքները փաստում են դրա մասին»,- նշեց նա:

Բադասյանի հավաստմամբ՝ այն, ինչ կատարվում է արտահերթ ընտրությունների շրջանակում, թափանցիկ է, այլ տեղեկություններ պետք է սպասել խմբակցության ղեկավարներից:

«Արտահերթ ընտրությունների հետ կապված այս պրոցեսսը մաքսիմալ թափանցիկ է իրականացվում և հանրությունից որևէ տեղեկություն չի թաքցվում, հրապարակային ասվում է, դրանից բացի նոր ինֆորմացիա պետք է ակնկալել խմբակցության ղեկավարներից»,- ասաց Բադասյանը:

ՀՀ արդարադատության նախարարը նաև մեկնաբանեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ պետք է ստեղծվեն արտակարգ դատարաններ: Բադասյանը նշեց՝ այդ նախագծի ընդունմամբ շատ հարցեր էին լուծվելու, որոնք տարիներ շարունակ կուտակվել են:

«Դատական իշխանությունում կողմից ևս կար որաշակի աջակցություն և ցանկություն, որ նախագիծը ընդունվի և դրանով տարիներ շարունակ կուտակված հարցեր էին լուծելու, թե ավելի արդյունավետ գործերի քննության, թե արդյունավետության առումով: Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանին ԱԺ-ն կներկայացնի իր դիտարկումները և կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը»,- մեկնաբանեց Ռուստամ Բադասյանը: