գլխավոր Գլխավոր Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին` անգամ պատերազմից 4 ամիս անց. Այվազյան

Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին` անգամ պատերազմից 4 ամիս անց. Այվազյան

Անգամ ռազմական գործողություններից  4 ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Ցավալի է, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` պատերազմի ընթացքում ադրբեջանական ԶՈւ–ն, Թուրքիայի աջակցությամբ, միջազգային հումանիտար նորմերի խախտումներով զանգվածային ոճրագործություններ արեցին, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ իրականացրին արցախահայության դեմ` միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները։

Այվազյանը հայտնեց, որ այսօր Լինդեի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել են ԵԱՀԿ–ում շվեդական նախագահության գերակայություններին, քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, նաև հայ–շվեդական երկկողմ օրակարգը։