
Եմենում կռվող Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել է, որ իրանամետ «Հութի» շարժումը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Սաուդյան Արաբիայի հարավային Խամիս Մուշայտ քաղաքի վրա:
Այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ խմբավորմանը հաջողվել է հարվածներ հասցնել միայն անմարդաբնակ սահմանային շրջաններին:
Կոալիցիայի տեղեկություններով՝ երկու հրթիռն արձակվել է Եմենի Սաադա նահանգի բնակեցված տարածքից: Տեղի հեռուստատեսության վստահեցմամբ՝ Սաադայում ոչնչացվել են բալիստիկ հրթիռների բունկեր և արձակման պահոցներ:
«Մենք ձեռնարկում ենք գործառնական միջոցառումներ՝ քաղաքացիական անձանց պաշտպանության համար սպառնալիքի աղբյուրները չեզոքացնելու և ոչնչացնելու համար»,- շեշտել են կոալիցիայից և հավելել՝ ռազմական գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին և սովորութային նորմերին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի և հութիների զինված կազմավորումների միջև: Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո:
Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել Է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում Է 3 միլիոնը:
Հութիները պարբերաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր թիրախը մնում են Սաուդյան Արաբիան և նրա ենթակառուցվածքները: