գլխավոր Հասարակություն Աղաղակող հովանավորչություն. 40 օր Աբովյանի N1 դպրոցում դասապրոցեսը խաթարված է, ԿԳՄՍՆ-ն, ըստ...

Աղաղակող հովանավորչություն. 40 օր Աբովյանի N1 դպրոցում դասապրոցեսը խաթարված է, ԿԳՄՍՆ-ն, ըստ ուսուցիչների՝ խուլուհամր. «168 ժամ»

«2021 թ. մամուլում ամենից շրջանառվող դպրոցը Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի N1 դպրոցն է: Հունվարի 22-ին դպրոցում կայացել է տնօրենի ընտրություն, որին մասնակցել են դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու գործող տնօրեն Քարմիլե Առաքելյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մասնակիցները վաստակել են 4-ական միավոր, այսինքն՝ չեն հաղթել, ու սահմանված կարգի համաձայն՝ հավակնորդների փաստաթղթերը ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն, ու Քարմիլե Առաքելյանը նշանակվել է դպրոցի տնօրեն: Փետրվարի 3-ից մինչ օրս դպրոցում դասադուլ է ու գործադուլ:

Ուսուցչական, աշակերտական, ինչպես նաև ծնողական կոլեկտիվում վստահ են, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, այսօր արդեն՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է ու մինչ օրս վայելում է իշխանությունների հովանավորչությունը: Նրանց խոսքով՝ մեկ տարի առաջ դպրոցի կառավարման խորհրդում ներառված նախարարության 3 և մարզպետարանի մեկ ներկայացուցիչը ևս Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն ու աշխատակիցներն են, ինչը Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ հերքել էր։

Դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Քարմիլե Առաքելյանի նշանակումը ոչ իրավաչափ է, հակասում է «Հանրակրթության մասին օրենքին», այս հարցով դիմել են դատարան՝ նախարարի հրամանն անվավեր ճանաչելու համար:

«Հայտարարություններ էին տարածվել քաղաքում, որ իրեն առաջարկել են այդ պաշտոնը, ինքն է լինելու այս պաշտոնում, և ինչքան էլ ուսուցիչներն աղմկեն, ոչինչ չեն կարող անել, որովհետև հարցն արդեն լուծված է…

Նորանշանակ տնօրենը վայելում է վերադաս մարմինների հովանավորչությունը: Ինչպես հովանավորչությամբ դարձել է տնօրեն, այնպես էլ նախարարությունը, խուլուհամր ձևանալով 40 օր և ուսուցիչներին մեղադրելով սովորողների կրթության իրավունքը ոտնահարելու մեջ, երբ որ կրթության ոլորտի պետության բարձրագույն մարմինը անհաղորդ է այդքան դիմումներին՝ ծնողների, աշակերտների, ուսուցիչների, ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ միայն ուսուցիչներին մեղադրելով և սպասելով: Նրանց դրդմամբ տնօրենը դիմել է դատարան, սպասում են, որ գործադուլն անօրինական ճանաչվի, և ճնշումների, սպառնալիքների արդյունքում որոշ ուսուցիչների ազատեն աշխատանքից, որոշ ուսուցիչների էլ՝ վախեցնելով ստիպեն, որ աշխատեն:

Աղաղակող հովանավորչություն է: Բարձրաձայնել ենք քանի անգամ, դիմել ենք նախարարությանը, որ ամեն օր ոտնահարվում են օրենքներ նոր տնօրենի կողմից, կարգապահական վարույթ սկսեք, ոչ մի պատասխան: Փոխարենը՝ վիճակը գնալով սրվում է դպրոցում: Ես վախենամ, շուտով վերահսկողությունից էլ դուրս գա»,- լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը:

Նախկին տնօրենը նաև իր մատնանշած հովանավորչության ապացույցներն ունի: Մետաքսյա Բաբայանի խոսքով՝ նորանշանակ տնօրենը թաղերից տղաներ է կանչում, դպրոցի առաջ կանգնեցնում է ավտոշարասյուններ, թույլ են տալիս դպրոց մուտք գործել մարդկանց, ովքեր վիրավորում են ու սպառնում ուսուցիչներին:

«Դպրոցի բակում հավաքվածների, դպրոց ներխուժողների, ուսուցիչներին սադրանքների մղող բոլոր մարդիկ Աբովյանի ՔՊ կուսակցության թիմի ներկայացուցիչներ են: Փոխտնօրեն նշանակված Շուշանիկ Միսակյանը հանդիսանում է Աբովյանի ՔՊ թիմի անդամ, Ռոմանոս Պետրոսյանի մտերիմներից, նրա մարդկանցից»,- նշեց Մետաքսյա Բաբայանը:

Դպրոցի ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, տնօրենի տեղակալ Մարիա Հանեսյանը, դպրոցի նախկին տնօրենը, գործադուլ իրականացնող այլ ուսուցիչներ ու դպրոցի աշխատակիցներ այս ընթացքում ազատվել են աշխատանքից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:

«Մեզ մոտ լիազոր մարմինը (ԿԳՄՍՆ.- Ա.Հ.) չի գործում օրենքի համաձայն՝ ինչպես իրենք սիրում են անընդհատ բարձրաձայնել, և ոտնահարվում են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների իրավունքները: Առաջին իսկ պահից նորանշանակ տնօրենի մոտ այս քաղաքականությունն է վարվում. անընդհատ փորձում է վարկաբեկել գործող ուսուցիչներին, անընդհատ անվանարկում է, անգամ աշակերտներին ուղղորդում է, որ «Ձեզ հետ երևի ուսուցչին վայել կեցվածքով ուսուցիչներ չեն աշխատել», այդ ձևով ձեզ հետ չեն խոսել»,- լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի նախկին տնօրենի տեղակալ Մարիա Հանեսյանը:

Դպրոցի ներկայացուցիչների խոսքով՝ ավելի վաղ Չարենցավանի, Արամուսի դպրոցներում էլ են նշանակվել Ռոմանոս Պետրոսյանի «սրտի թեկնածուները»: Ուսուցչական անձնակազմի վստահությամբ՝ գնդակն այսօր նախարարության դաշտում է, ու այս խնդրի հանգուցալուծման միակ ճանապարհը Քարմիլե Առաքելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելը ու նոր ընտրություններ նշանակելն է:

168.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանի հետ, որպեսզի հասկանանք, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում ուսումնական պրոցեսը վերականգնելու համար: Այսօր մեր զանգերն անպատասխան մնացին: Ստալ Սարդարյանն ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե հույս ունեն, որ դպրոցը վեր կգտնվի ամեն ինչից, ու երեխաներին չեն խառնի քաղաքական հարցերին:

«Մրցույթի ընթացակարգային առումով որևէ խախտում չի եղել, լիազոր մարմինը կայացրել է իր որոշումը, որն օրենքով սահմանված կարգով է։ Մենք գտնում ենք, որ դպրոցում ամենապատվաբեր պաշտոնն ուսուցչի պաշտոնն է, և լիահույս ենք, որ շատ արագ կկարգավորվի այդ ամենը, քանի որ մեզ համար կարևորը երեխաների կրթության իրավունքն է»,- ասել էր ԿԳՄՍՆ ներկայացուցիչը»,-գրում է թերթը: