գլխավոր Իրադարձային Մուրճով և փայտով հարվածներ է հասցրել, հետո բարձով խեղդել. 35-ամյա տղամարդը դատապարտվել...

Մուրճով և փայտով հարվածներ է հասցրել, հետո բարձով խեղդել. 35-ամյա տղամարդը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ սպանության համար

Տավուշում տղամարդը մուրճով և փայտով հարվածներ է հասցրել իրեն հայհոյողին, ապա բարձը դրել բերանին և պարանոցից սեղմել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել նրան սպանության համար՝ դատապարտելով 18 տարվա ազատազրկման։

35-ամյա տղամարդու (դեպքի ժամանակ 33 տարեկան) և տուժողի միջև վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ: Մասնավորապես, երիտասարդ տղամարդը գնացել է տուժողի բնակարան՝ վերջինիս այգու չորացած ծառերը կտրելու նպատակով, բենզասղոցով կտրտել է ծառերը՝ մինչև վերջացել է վառելիքը։ Այդ մասին տղամարդն ասել է տանտիրոջը, ապա վերջինիս առաջարկով՝ հաց ուտելու նպատակով բարձրացել է տուն: Որոշ ժամանակ անց, ալկոհոլ օգտագործած վիճակում, տանտերը՝ 64-ամյա տղամարդը, հարցրել է, թե ինչու չի շարունակում փայտ կտրել, ինչին ի պատասխան տղամարդն ասել է, որ վառելիքը վերջացել է: Ալկոհոլ օգտագործած վիճակում տանտերը հայհոյել է երիտասարդ տղամարդուն, ապա փայտով հարվածել նրան, ինչին ի պատասխան վերջինս փայտով և մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ մարմնի տարբեր հատվածներին, ապա բարձը դրել բերանին և ձեռքերով սեղմել պարանոցից, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է՝ մեխանիկական շնչահեղձությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության համար: Դատարանում 35-ամյա տղամարդը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն հայտնել, որ բարձը չի դրել տուժողի բերանին և դրա համար իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարանում տղամարդը պատմել է, որ սպանելու մտադրություն չի ունեցել, ինքը հարվածել է միայն մուրճով, ինչից հետո տուժողն ընկել է գետնին, ինքը բռնել է վերջինիս կոկորդից և շորերից, բարձրացրել և դրել անկողնու վրա, ստուգել է զարկերակը և տեսել, որ պուլս չկա, թողել, հեռացել է: Նշենք, որ թեև ամբաստանյալը հայտնել է, որ միայն հարվածել է տուժողին, այդուհանդերձ, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, բութ առարկաների ազդեցությամբ՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով, իսկ դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ վերջինս եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Այսպես, հաշվի առնելով գործով ձեռք բերված ապացույցները, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել 35 ամյա տղամարդուն՝ դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել անփոփոխ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: