գլխավոր COVID-19 Հայաստանը որոշել է չհրաժարվել ամերիկյան պատվաստանյութից

Հայաստանը որոշել է չհրաժարվել ամերիկյան պատվաստանյութից

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

Քննարկման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

Նիստում քննարկվել են նաև առանձին պատվաստանյութերին առնչվող խնդիրները:

Անդրադառնալով «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակում «Novavax» պատվաստանյութի վերաբերյալ առաջարկությանը՝ հանձնաժողովը որոշել է այս փուլում չմերժել «Novavax» ընկերության պատվաստանյութը: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար 2 դեղաչափ սխեմայով, 21 օր ընդմիջումով (1 դեղաչափը՝ 0.5մլ, արդյունավետությունը` 89.3%):

Ինչ վերաբերում է բրիտանական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ այն տեղեկություններին, որ Էստոնիայում և Լիտվայում դադարեցրել են պատվաստումներն ու հետ կանչել խմբաքանակը, ապա միջազգային փորձագետները քննարկման ընթացքում նշել են, որ շատ դեպքերում տեղեկությունը հանրայնացվում է առանց պատճառահետևանքային կապի գնահատման և թյուր կարծիք ձևավորում հանրության շրջանում: Միաժամանակ ընդգծվել է, որ համաձայն Եվրոպական բժշկական գործակալության հայտարարության՝ արձանագրված մահվան դեպքերը չունեն պատճառահետևանքային կապ պատվաստումների հետ: