գլխավոր Իրադարձային 30 գերի կարող է տան, բայց էլի ինչ-որ բան ուզում են «կրճեն»....

30 գերի կարող է տան, բայց էլի ինչ-որ բան ուզում են «կրճեն». անհետ կորած զինվորի հարազատ

Իշխանական շրջանակները անհետ կորած զինվորների հարազատներին վստահեցրել են, թե առաջիկայում հնարավոր է 30 գերի վերադառնա՝ ակնարկելով, որ կան բարդություններ. թշնամին տարածքներ է պահանջում։

Այս մասին «Փաստինֆո»-ին պատմեց անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հարազատը՝ նշելով, որ տարբեր գերատեսչություններում ասել են. «համբերեք՝ մոտակա ժամանակները գերիների հետ կապված նորություն կլինի»։ Գերիների հնարավոր վերադարձի մասին ասվել է նաեւ ՊՆ-ում նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի հայտարարություններին, թե Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին, զինծառայողի հարազատը նշեց՝ ստում են, փոխարենը պահանջներ են դնում։

«Նման բան չկա։ Սա տարածքների խնդիր է, տարածքների խաղեր է գնում։ Էլի ինչ- որ բան ուզում են «կրճեն», ուզում են դրան հասնեն։ Եթե գերիներ չկան, ո՞նց էին ասում, որ 30 հոգի կարող են տալ։ Լավ, եթե չկա՝ որտեղից էին 30 հոգու տալու։ Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ 30 գերի են ուզում տան, բայց ինչ-ինչ նպատակ ունեն իրենք՝ աստված գիտի՝ ի՞նչն է դրա տակ թաղված։ Նպատակը տարածքներն է՝ միանշանակ բոլորս հասկանում ենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ևս հույս էր, որ գերիների հարցում որոշ ժամանակ հետո կունենանք դրական լուրեր։

Ռազմական գերատեսչությունում հանդիպումից հետո անհետ կորած զինծառայողների հարազատների մի խումբը մեկնել է Արցախ, սակայն մի շարք ծնողներ չգիտեն, թե ինչ նպատակով է խումբն Արցախ մեկնել։ Մի բան գիտի՝ այս պահի դրությամբ հարցին լուծում չի տրվել։

«Թող վերադառնան, տեսնենք ինչ են արել այնտեղ, խնդիրն ի՞նչ էր, որ գնացին։ Գաղափար չունեմ նպատակը ի՞նչն է եղել, ինչի՞ են գնացել կամ մեր հետագա քայլերը որո՞նք են լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։