գլխավոր Հասարակություն Հայ գերիների պատմությունները Ադրբեջանի վայրագությունների ու խոշտանգումների մասին․ Human Rights Watch-ի ռեպորտաժը

Հայ գերիների պատմությունները Ադրբեջանի վայրագությունների ու խոշտանգումների մասին․ Human Rights Watch-ի ռեպորտաժը

Human Rights Watchը հայտնում է ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական բնակչության նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի նոր վկայությունների մասին: Այդ մասին պատմել են գերությունից հետո ողջ մնացած Արցախի բնակիչները:

«44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանական ուժերը վերահսկողություն հաստատեցին շրջանների մի մասի վրա, նրանք շրջապատեցին տեղի բնակիչներին: Երիտասարդ քաղաքացիական բնակչության մեծ մասը  կարողացել է փախչել՝ բացառությամբ  տարեցների, ովքեր չէին ցանկանում լքել իրենց տները»,- պատմել է նրանցից մեկը:

Human Rights Watch-ը (HRW) փաստագրել է մի քանի դեպք, երբ ադրբեջանական ուժերը բռնություն են գործադրել խաղաղ բնակիչների նկատմամբ, ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում պահել: Երկու ձերբակալվածներ մահացել են ադրբեջանական գերության մեջ։ Դրանցից մեկը, դատելով ապացույցներից, ամենայն հավանականությամբ դարձել է արտադատական ​​մահապատժի զոհ:

Փետրվարի վերջին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը դիմել էր դատարան` խնդրելով միջամտել 240 ենթադրյալ ռազմագերիների և քաղաքացիական գերիների վերադարձը կազմակերպելու գործին: Գրասենյակի տվյալներով տվյալների 90 տոկոսը ունեցել է ֆոտո կամ վիդեո ապացույցներ։ Առաջատար 2 փաստաբաններ էլ հավաստում են, որ գերեվարված անձանց ավելի քան 10 տոկոսը քաղաքացիական անձինք են:

HWR- ն մեջբերում է Արեգա և Էդուարդ Շահգելդյանների ու Սաշա և Արսեն Կարախանյանների քաղաքացիական բանտարկյալների երկու պատմությունները:

Տունը կորցրած 72-ամյա Արեգա Շահգելդյանը սգում է իր տարեց ամուսնու՝ Էդուարդի կորուստը։ Հոկտեմբերի վերջին ադրբեջանական կողմը երկուսին էլ գերեվարել էր Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում գտնվող իրենց տանից։ Նրանց ուղարկել էին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բանտ:

Արեգան տուն վերադարձավ վեց շաբաթ անց, 79-ամյա Էդուարդը բանտում մահացավ՝ անհասկանալի հանգամանքներում:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան նրանց դուստրը ՝ Գոհարը, զանգահարել էր ծնողներին ՝ հարցնելու, թե ինչպես է անցել գիշերը։ Նա տեղեկացրել էր, որ իր ամուսնու հետ գյուղ են գալիս, ծնողներին այնտեղից տեղափոխելու համար՝ համաձայն են նրանք, թե ոչ․ իրավիճակն ավելի վտանգավոր էր դառնում։ Էդուարդը դստերը հանգստացրել էր, ասել էր, թե ամեն ինչ կարգին է։ Սակայն, վերջինս գաղափար էլ չուներ, որ ադրբեջանական ուժերն արդեն գյուղ են մտել։

Հեռախոսազրույցից տասնհինգ րոպե անց Գոհարի ամուսինը ՝ Վլադիկը, կրկին զանգահարել էր կնոջ ծնողներին ՝ համոզելու նրանց պատրաստվել, իրերը դասավորել, բայց հեռախոսին անծանոթ մեկն էր պատասխանել։

Վլադիկը նույն լեզվով հարցրեց՝ «Ո՞վ ես դու»։ Նրան պատասխանեցին՝ «Ես ադրբեջանցի եմ, և սա Ադրբեջանն է»։ Հեռախոսն անջատվեց:

«Նրանց զինվորները մեծ ավտոմատներով պարզապես տուն մտան, զենքն ուղղեցին մեզ վրա, սկսեցին բղավել և սպառնալ», – պատմում է Արեգան:

«Ես լաց եղա, աղաչեցի, որ մեզ չվնասեն, բայց նրանք ամուսնուս ձեռքերը ոլորեցին և դուրս հանեցին տնից: Հետո նրանք ինձ վրա հարձակվեցին, ես բղավեցի, փորձեցի դիմադրել։ Ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնա, բայց նրանք նորից բղավեցին ինձ վրա ու հրեցին ինձ դեպի դուրս: Ես աղաչում էի նրանց թույլ տալ, որ գոնե տաք հագուստ վերցնեմ, բայց թույլ չտվեցին»:

Ադրբեջանցի զինվորները Արեգային և Էդուարդին տարել են գյուղի վերևում գտնվող մի տուն, որի տերը փախել էր։ Նրանց ամբողջ գիշեր այնտեղ են պահել՝ տեղացի երկու այլ բնակիչների հետ՝ Սեդրակի ՝ մոտ 70 տարեկան, գրեթե կույր հարևանի, և Բաղդասարի ՝ մոտ 60տարեկան։

Առավոտյան զինվորները չորս ձերբակալվածներին տեղափոխել են գյուղի մեկ այլ լքված տուն և տեղավորել անասնագոմում: Գիշերը Բաղդասարին հաջողվել է քանդել գոմի պատերի քարերը և փախչել անցքի միջով: Մյուս երեքը փախչելու համար ուժ չունեին:

«Մենք ամբողջ գիշերն անցկացրինք այդ անասնագոմում ՝ առանց ուտելիքի և ջրի: Ցուրտ էր, դողում էի բարակ զգեստով: Ամուսինս և Սեդրակը ինչ-որ պահի քնել էին, բայց ես չէի կարողանում քնել․ շատ վախեցած էի: Ուղղակի նստել էի այնտեղ, դողում էի ու լաց լինում », – հիշում է Արեգան:

Հաջորդ օրը ադրբեջանցի զինվորները գերեվարվածներին տարան մոտակա լեռները ծառահատումներ անելու:

«Այնտեղ ավելի շատ զինվորներ կային, և նրանցից մեկը մի քանի անգամ հարվածեց Էդուարդին ՝ գոռալով, որ 30 տարի առաջ ամուսինս հաստատ մասնակցած կլինի պատերազմին։ Նրա խոսքով կատարվածը՝ Էդուարդի պատիժն էր ադրբեջանական ժողովրդին սպանելու համար»:

Մեկ այլ զինվոր, լսելով Արեգայի բղավոցը, որ տեսնում էր՝ ինչպես են ամուսնուն ծեծում, փորձել է հանգստացնել կնոջը՝ ասելով՝ «Դու ծեր ես, քեզ ոչ ոք չի սպանի: Ուղղակի համբերատար եղիր, և որոշ ժամանակ անց քեզ ազատ կարձակեն»:

Առավոտյան զինվորական համազգեստով տղամարդիկ կապել են գերեվարվածների աչքերը, նստեցրել մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) տեղեկացել են, որ իրենք գտնվում են Բաքվի բանտում:

Բանտի բակ հասնելուն պես, պահակները բացել են նրանց աչքերը և թույլ տվել գերիներին ջուր խմել: Նրանք այդ ընթացքում նկատել են իրենց համագյուղացի Մաքսիմ Գրիգորյանին։ Երիտասարդը հետո «անհետացավ»:

«Նրա ընտանիքը դեռ տեղեկություն չունի տղայի ճակատագրի և գտնվելու վայրի մասին», – հառաչում է Գոհարը:

Բանտի բակում այդ մի քանի րոպեները վերջինն էին։ Արեգան այլևս չտեսավ իր ամուսնուն: Արեգային տարան մի խուց, որտեղ կար ևս մեկ գերի՝ մի տարեց կին՝ Ազնիվը:

Նոյեմբերի 10-ին երբ մարտերն ավարտվեցին, գերեվարվածները մտածում էին, որ շուտով իրենց հետ են ուղարկելու:

Դեկտեմբերի 5-ին ադրբեջանցի մի տղամարդ զանգահարել էր Վլադիկին ՝ Գոհարի ամուսնուն, և ռուսերենով ասել, որ հեռախոսը փոխանցում է Արեգային:

Այդ պահին Գոհարը վերցրել է հեռախոսը ամուսնու ձեռքից՝ փորձելով խոսել մոր հետ՝ «Մայրիկ, դու արդեն հե՞տ ես եկել, քեզ հե՞տ են բերել»: Բայց, Արեգան չէր կարողանում խոսել և անընդհատ լալիս էր։ Նա չէր կարող ասել, որ Գոհարի հայրը մահացել է: Այդ մասին ասաց ադրբեջանցի տղամարդը, որ Արեգայի կողքին էր։

Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի իշխանությունները Արեգային և մի քանի այլ գերեվարվածների վերադարձրին Հայաստան: Էդուարդի մարմինը պետք է վերադարձվեր նույն թռիչքի ժամանակ:

Սակայն, հաջորդ օրը, երբ ընտանիքի անդամները տեսել են մարմինը, հասկացել են, որ դա մեկ այլ տղամարդ է ՝ ավելի երիտասարդ․ դեմքին սպի ուներ: Սկզբում Ադրբեջանի իշխանությունները հերքեցին, որ իրենք սխալ մարմին են ուղարկել:

Միայն դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը նրանք Էդուարդի մարմինը վերադարձրին։ Դիահերձումից հետո պարզ է դարձել, որ մահվան պատճառը գլխուղեղի բութ տրավմատիկ վնասվածքն է, ուղեղի այտուցը և ուղեղի կենսական նշանակության գործառույթների խանգարումը: