գլխավոր Իրադարձային Դիրքը թշնամու ուղիղ նշանառության տակ է․ ինչու՞ 4 ամսում իշանությունը ոչինչ չի...

Դիրքը թշնամու ուղիղ նշանառության տակ է․ ինչու՞ 4 ամսում իշանությունը ոչինչ չի արել․ Վրթանեսյան

Երեկ համացանցում լայն տարածում գտավ Կապանի մոտակա դիրքի զինվորականների տեսանյութը, որում դիրքապահները բարձրաձայնում էին թշնամուց եկող վտանգների, հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։ Դրանից հետո արդեն անմիջապես սկսեցին տեսանյութեր հայտնվել, որոնցում այլ զինվորականներ հերքում էին առաջին տեսանյությում հնչեցրած մտքերը։ Ավելին, տեսանյութերից երկրորդում Արման Քալաջյանը, որն ավելի ուշ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց՝ ՔՊ-ական է, հարցեր էր տալիս դիրքերի անմխիթար պայմաններից բողոքող զինվորականներին, «համոզում» ասել, թե հիանալի կյանքով են ապրում՝ ապահովված ամեն բանով՝ սնունդով, հագուստով և այլն։ 

Քալաջյանը նաև «Միջազգային եղբայրական կազակ խաղաղապահներ» կազմակերպությունից է, որտեղ, ըստ ամենայնի, միմյանց կազմակերպության անդամները զինվորական կոչումներ են շնորհում։ Կազմակերպության կայքում Քալաջյանի անվան դիմաց գրված է գեներալ-մայոր, ուստի դրա համար էլ նրան այդպես էին անվանում հայտնի տեսանյութում։

«Հրապարակի» հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, նշեց. «Այո, այո, Դուք շատ ճիշտ եք նկատել ու հասկանում եք։ Դրանք ինչ-որ ծաղրանկարային կերպարներ են։ Գիտեք, աշխարհում գոյություն ունի նմանատիպ կոչումներ, մեդալներ, դիպլոմներ շնորհելու բիզնես։ Այդ ձևով հիմա ես էլ , Դուք էլ, օրինակ կարող ենք ակադեմիկոս դառնալ, բայց կարող է նաեւ այնպես լինել, որ փողով էլ չանենք դա։ Տվյալ դեպքում հիմա մենք էլ կարող ենք ՀԿ բացել ու իրար մարշալի կամ, ասենք, գեներալի կոչումներ տանք»։

«Հիմա կոնկրետ այս դեպքում՝ ձեր նշած մարդու, կարող է նաեւ այնպես լինել, որ իրոք ծառայություն է իրականացնելուց եղել, բայց կարող է լինել այնպես, որ, այո, ինչպես ասացիք, իշխանությունը ուղարկել է իրավիճակը շտկելու։ Երկու դեպքն էլ հնարավոր է։ Բայց մի բան հստակ է, սա իշխանությունների գործելաոճն է, այսինքն՝ իրենք բոլոր խնդիրները «լուծում են» լայվով, սելֆիի միջոցով։ Հիմա խնդիրը իրականում լուծվեց, թե ոչ դա արդեն այդքան էլ էական չէ։ Կարեւորը՝ իրենք իրենց հետեւորդներին ցույց տան, թե խնդիր է լուծվել։ Բայց խնդիրը ինչպես է լուծվել, եթե այդ դիրքը փաստորեն ուղիղ թշնամու նշանառության տակ է։ Այսինքն՝ թշնամին այդ դիրքերի առումով ստացել է գերակա դիրքեր, դա գոնե տեսանյութում կար, չէ՞, տեսել եք, չէ՞։ Հիմա այդ դիրքերը կարծես ափի մեջ է,բայց փաստորեն ափի մեջ լինելով չկան ամրացնելու շինարարական աշխատանքներ։ Իհարկե լավ չի, որ նկարել են, քանի որ թշնամին էլ է տեսնում, որ դիրքը ինչ վիճակում է։ Հարցը իշխանություններին հիմա հետեւյալն է՝ ինչու այս չորս ամսում ոչ մի բան չի արվել»,- նշեց Վրթանեսյանը։