գլխավոր Հասարակություն Դոնեցկի կոնֆլիկտում 3 տարի է փոխանակվում են գերիներով. Բորիս Ավագյանը պնդում է՝...

Դոնեցկի կոնֆլիկտում 3 տարի է փոխանակվում են գերիներով. Բորիս Ավագյանը պնդում է՝ գերիների վերադարձը բարդ գործընթաց է

ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող բոլոր անձինք վերադառնալու են՝ անկախ նրանից, ինչ կարգավիճակով են այս պահին պահվում Բաքվում։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, թե կատարել են եռակողմ պայմանավորվածությունը ու Հայաստանին վերադարձրել բոլոր ռազմագերիներին։ Նա նաեւ նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն համարվում։
«Դրանք անձինք են, որոնք նոյեմբերի 26-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հայաստանից ապօրինաբար են ուղարկվել Ադրբեջանի տարածք»,- հայտարարել է Բայրամովը։

Ավագյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան նկատի է ունեցել Շիրակի խմբի տղաներին՝ ավելացնելով, որ նրանցից մի քանիսին հաջողվել է հայրենիք վերադարձնել։

«Մեղադրանք էին առաջադրել Շիրակցի 62 հոգուն։ Նրանցից ութն այդ ցուցակից վերադարձել են Հայաստան։ Մնացածն էլ պետք է վերադառնան հայրենիք։ Դրա համար արվում են բոլոր գործողությունները՝ ՌԴ-ի միջնորդությամբ և հույս ունեմ, որ նրանք սեղմ ժամկետներում կվերադառնան տուն»։
Պնդմանը, թե Ադրբեջանում ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին՝Ավագյանը նշեց, որ հայտարարությունից հետո էլ տղաները վերադարձել են հայրենիք։
«Իրենք հայտարարություններ են անում, բայց փաստացի վերադառնում են չէ՞ տղաները»։

Պատերազմից հետո Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից հունվարի 28-ին 5 ռազմագերի էր Ադրբեջանը փոխանցել հայկական կողմին։ Փետրվարի 9-ին Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, 3-ը՝ պատերազմից հետո գերեվարված 62 պահեստազորայինների խմբից էին։ Պնդմանը՝ եթե գործընթացը շարունակական է, ապա ինչո՞ւ տղաների նոր խումբ հայրենիք չի վերադառնում, Ավագյանը նշեց, որ գործընթացն առհասարակ բարդ է։

«Դոնեցկի կոնֆլիկտում 3 տարի է փոխանակվում են գերիներով։ Գերիներ վերադարձնելու գործընթացն ընդհանրապես բարդ է։ Այն ջանքերը, որոնք գործադրում են և հայկական կողմը, և Արցախի հանրապետության նախագահը և ՌԴ նախագահը, և միջնորդները, կբերեն հաղթանակի և տղաները տուն կգան, ես համոզված եմ»։
Ավագյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացի հետ կապված խնդիրներ կան, նշեց, որ տեղյակ չէ, թե դրանք ի՞նչի հետ են կապված։ Փոխարենը հույս հայտնեց, որ հնարավոր է առաջիկայում նոր խումբ վերադառնա։

«Գործընթաց է, որ առաջ է գնում։ Ես հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ հետո մենք կունենանք դրական լուրեր»․

Հիշեցնենք, որ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։