գլխավոր Իրադարձային Վենդետա Գյումրիում. ավտովթարից մահացած քաղաքացու եղբայրը սպանել է տաքսու վարորդին

Վենդետա Գյումրիում. ավտովթարից մահացած քաղաքացու եղբայրը սպանել է տաքսու վարորդին

Այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

37-ամյա Ռաֆիկ Մնացականյանին սպանված են գտել, նրա մարմնի վրա կան դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Նույն վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել սպանվածի կնոջը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանին ու սպանվածի հորաքրոջ որդուն՝  28-ամյա Արմեն Տոնոյանին։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ կա հետախուզվող, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Անձը մոտավոր հայտնի է:

Sputnik Արմենիայի տեղեկություններով ոստիկանությունը արդեն կասկածյալ ունի կատարված սպանության մեջ։ Ավելի վաղ հունվարի 30-ին, Արագածոտնի մարզում տեղի էր ունեցել խոշոր ավտովթար` երեք մեքենայի մասնակցությամբ։ Բախվել էին ГАЗель-ը և երկու Mercedes։

Shamshyan.com–ի տեղեկություններով Mercedes-ներից մեկը տաքսի մեքենա էր, որը վարում էր այսօր սպանված Ռաֆիկ Մնացականյանը։ Նա երկու ուղևորի էր տեղափոխում՝ 6-ամյա Էմիլ Թամոյանին և նրա հորը՝ 61-ամյա Արտուշ Թամոյանին։ Վթարի հետևանքով Էմիլ Թամոյանը մահացել էր Թալինի բժշկական կենտրոնի ճանապարհին։ Մյուս մեքենաների վարորդներին ու ուղևորներին տեղափոխել էին նույն հիվանդանոց։ Մահացած տղամարդու հորը Արտուշ Թամոյանին սկզբում տեղափոխել են Թալինի ԲԿ, ապա Արևան՝ Արմենիա ԲԿ։

Ոստիկանությունը տաքսու վարորդի սպանության մեջ կասկածում է նրա մահացած ուղևոր Էմիլ Թամոյանի եղբորը։

«Մենք դա ստույգ չենք կարող նշել, բայց ուշադրություն ենք դարձնում այն փաստի վրա, որ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան վարել է սպանվածը, իսկ ենթադրաբար մեր այսօրվա արարքը կատարածի եղբայրը մի քանի օր հետո մահացել է: Մենք այս փաստն արձանագրում ենք, բայց թե ինչ ցուցմունք կտա հետախուզվողը, կկապի այդ դեպքի հետ, թե ոչ, չենք կարող հիմա ասել»,-նշել է դատախազը:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային ասել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34/104 հոդվածի 2-րդ  մասի 1 կետով  (2 կամ ավելի անձանց սպանություն փորձ)։

«Գյումրի» բժշկական կենտրոնից էլ Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ կենտրոն տեղափոխված 2 տուժածների վիճակն էլ կայուն է: Նրանցից մեկին արդեն վիրահատել են, մյուսի վիրահատությունը ընթացքի մեջ է։