գլխավոր Միջազգային Մոսկվան կարող է եվրոպական երկրների փոխարեն միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի...

Մոսկվան կարող է եվրոպական երկրների փոխարեն միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև. Tehran Times

Tehran Times թերթն անդրադարձ է կատարել Իրանի միջուկային համաձայնագրի հնարավոր վերականգնման գործընթացում Ռուսաստանի Դաշնության դերին։ Ըստ հեղինակի՝ պաշտոնական Մոսկվան, միջուկային համաձայնագրի խափանումից հետո, կարող է եվրոպական երկրների փոխարեն միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ–ի միջև։

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը․

Իրանի և Արևմուտքի միջև երկկողմ բանակցությունները փակուղի են մտել այն բանից հետո, երբ եվրոպական միջնորդությամբ կայացած գործընթացի արդյունքում չի հաջողվել «կոտրել սառույցը»: Որպես միջնորդ հանդես եկած եվրոպացիներն ավելի են հիասթափեցրել Իրանին և սրել՝ իրենց դիվանագիտական ջանքերի անկեղծության վերաբերյալ Իրանի կասկածները:

Վերջին օրերի և շաբաթների ընթացքում աշխարհի մի շարք մայրաքաղաքներ դիվանագիտական ջանքեր են գործադրում՝ վերականգնելու 2015 թվականին ստորագրված Իրանի միջուկային համաձայնագիրը, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA): Վիեննան, Ժնևը, Բրյուսելը, Փարիզը, Բեռլինը, Վաշինգտոնը, Նյու Յորքը և Թեհրանն այս ջանքերն հյուրընկալողների դերում են:

Այս ջանքերի շնորհիվ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև վերջին պահին կնքվել է գործարք, որն ապահովում է Թեհրանի և ՄԱԿ-ի միջև միջուկային վերահսկողության համագործակցությունը` հաշվի առնելով Իրանի խորհրդարանի կողմից ընդունված միջուկային օրինագծի իրագործումը, որը Իրանի կառավարությանը պարտավորեցնում էր դադարեցնել միջուկային զենքի չտարածման պայմանագրի լրացուցիչ արձանագրության իրագործումը այն բանից հետո, երբ եվրոպացիները չեն կարողացել ԱՄՆ-ին ստիպել վերացնել պատժամիջոցները։

Այսպիսով, Իրանը և Եվրոպան սկսել են քննարկել Գործողությունների համատեղ համապարփակ համաձայնագրի վերականգնման աստիճանական գործընթացը:

Ըստ Press TV- ի՝ եվրոպացիները Իրանից ազդակ են ստացել, որում ուրվագծվում է «քայլ առ քայլ» առաջարկը Թեհրանին և Վաշինգտոնին՝ JCPOA-ն վերակենդանացնելու համար:

«Ըստ առաջարկի՝ ԱՄՆ–ի որոշ քայլերին կարող են հաջորդել Իրանի որոշ քայլեր։ Միացյալ Նահանգների քայլերը՝ Իրանի արտասահմանյան ակտիվների մի մասի ապասառեցումն է», – հաղորդում է Press TV–ն։

Միացյալ Նահանգներնը հիմնականում դեմ չէ առաջարկին, սակայն միևնույն ժամանակ, չի ցանկացել ապասառեցնել իրանական ակտիվները՝ մինչև որևէ ոչ պաշտոնական, թեկուզ դռնփակ, հանդիպում ունենալը: 

Առաջարկը դեռևս ուժի մեջ է, սակայն հայտնի չէ՝ արդյոք նման կամ այլ որևէ առաջարկի հիման վրա կվերսկսվեն քննարկումները, թե ոչ։ Սակայն այս ամենից պարզ է դառնում, թե ինչպես են Եվրոպա–Իրան հարաբերությունները վերջին տարիների ընթացքում հետընթաց ապրել։ Եվ այստեղ հարց է առաջանում։ Ո՞վ հանդես կգա Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դերում, եթե Եվրոպան այլևս վստահելի բանակցող չէ։

Արդյո՞ք Իրանը ևս մեկ անգամ կվստահի Եվրոպային։ Սակայն Ռուսաստանը, որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ պետություն, կարծես պատրաստ է լրացնել այդ բացը։ Ռուսաստանը համաձայնագրի համառ կողմնակից է և բավական երկար ժամանակ է, ինչ ցանկանում է փրկել համաձայնագիրը։ Նա նույնիսկ ԱՄՆ–ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում է փորձել միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև։

Դեռևս 2020 թվականի հուլիսին Ռուսաստանն Իրանի հետ աշխատում էր կանխելու միջուկային համաձայնագրի փլուզումը։ Այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել էր Մոսկվա, մինչդեռ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադհիմին այցով գտնվում էր Մոսկվայում։ Իրանի գլխավոր դիվանագետի առջև խնդիր էր դրված՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիից «կարևոր հաղորդագություն» փոխանցել իր գործընկեր Վլադիմիր Պուտինին։ Այցի ավարտին Զարիֆը թվիթերյան իր օգտահաշվում նշել էր, որ «կարևոր հաղորդագրություն է փոխանցել նախագահ Պուտինին» և «ծավալուն բանակցություններ» վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ համակարգման հարցերի վերաբերյալ: Ըստ Զարիֆի, Իրանն ու Ռուսաստանը միջուկային համաձայնագրի շուրջ «նույն տեսակետներն» են ունեցել:

Զարիֆի այցից երկու օր անց ՌԴ նախագահ Պուտինն ու նրա ամերիկացի գործընկերը հեռախոսազանգով «մանրակրկիտ» քննարկել են ռազմավարական կայունության մի քանի հարցեր, այդ թվում` Իրանի միջուկային ծրագիրը:

«Անդրադարձ է կատարվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրավիճակին: Երկու կողմերն էլ շեշտել են տարածաշրջանային կայունության և միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմը պահպանելուն ուղղված հավաքական ջանքերի անհրաժեշտությունը», – ասված է Կրեմլի այն ժամանակ տարածած հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը վերոնշյալ զրույցը որակել է որպես «շատ հուսադրող»:

«Շատ հուսադրող նորություն: Ամեն օր նման բան չի լինում: Ռուսաստանի և ԱՄՆ–ի ղեկավարներն Իրանի հետ կապված հարցերի շուրջ մտքեր են փոխանակել: Երկու կողմերն էլ ընդգծել են տարածաշրջանում կայունությունը պահպանելու, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմին ուղղված հավաքական ջանքերի անհրաժեշտությունը», – 2020 թվականի հուլիսի 24-ին թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ուլայնովը:

Քանի որ Եվրոպայի կասկածելի վարքը գնալով սեպ է խրում Թեհրանի և Բրյուսելի միջև, Ռուսաստանը ևս մեկ անգամ հանդես է գալիս որպես եվրոպական տատանումների հակակշիռ: Իհարկե, Ռուսաստանը կարող է շահագրգռված չլինել միջնորդի դերում հանդես գալու համար, սակայն դա չի նշանակում, որ եվրոպացիները ևս մեկ անգամ կարող են հեշտությամբ շահել Իրանի վստահությունը: Վերջին զարգացումները ցույց են տվել, որ Իրանը գնալով հեռանում է եվրոպական միջնորդությունից: Փաստորեն, Իրանը կարծես թե չի վստահում Եվրոպային՝ նույնիսկ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրություններ փոխանակելու հարցում:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև առաջադրելու եվրոպական ջանքերից հետո Թեհրանը կասկածով է մոտենում եվրոպացիներին՝ ԱՄՆ նոր վարչակազմին «ապակողմնորոշիչ» խորհրդատվություն տրամադրելու համար, հաղորդում է Press TV- ն:

Թարգմանությունը` Tert.am