գլխավոր Իրադարձային Դանիայում առաջարկվել է 10-12 տարեկան երեխաներին հնարավորություն տալ իրավաբանորեն փոխել սեռը. Berlingske

Դանիայում առաջարկվել է 10-12 տարեկան երեխաներին հնարավորություն տալ իրավաբանորեն փոխել սեռը. Berlingske

Դանիայի էթիկայի հարցերով խորհուրդն առաջարկել է 10-12 տարեկան երեխաներին հնարավորություն տալ իրավաբանորեն փոխել իրենց սեռը, գրում է դանիական Berlingske պարբերականը:

Երկրի սոցիալ-դեմոկրատները դրական են արձագանքել այս առաջարկին, մինչդեռ ոչ սոցիալիստական կուսակցությունների քաղաքական գործիչներն այն կարծիքին են, որ սա «իսկապես թունավոր գաղափարախոսության տարր է»:

Գենդերային դիսֆորիա ունեցող երեխաներին և երիտասարդներին (այսինքն՝ նրանց, որոնք իրենց անհարմար են զգում ծննդյան ժամանակ գրանցված սեռի պատճառով) օգնելու համար, Դանիայի էթիկայի խորհուրդը կոչ է արել, որ քաղաքական գործիչներն իրենց սեռը իրավաբանորեն փոխել ցանկացողների համար սահմանեն տարիքային շեմ, այն է՝ 10-12 տարեկան:

«Այս տարիքում երեխաներն առավել հաճախ արդեն հստակ պատկերացնում են, թե որ սեռին են պատկանում, ի տարբերություն շատ փոքր երեխաների, որոնց սեռի ընկալումն ավելի ճկուն և երկիմաստ է: Հենց այս տարիքում է սկսվում տրանսգենդեր երեխաների բուժումը, որոնք ցանկանում են փոխել իրենց սեռը»,- առաջարկի առնչությամբ մանրամասնել է Դանիայի էթիկայի խորհրդի նախագահ Անն Մարի Ակսո Գերդեսը:

Նշվում է՝ քաղաքական մեծամասնությունն արդեն պատրաստ է հաստատել ներկայիս տարիքային շեմի՝ 18 տարեկանի սահմանը իջեցնելու որոշումը: Այնուամենայնիվ, մի շարք քաղաքական գործիչներ, որոնք չեն հարում սոցիալիստական կուսակցությանը, վրդովված են առաջարկի առնչությամբ:

«Սա կատարյալ խելագարություն է: Երեխաներին ներքաշում են այնպիսի բանի մեջ, որտեղ նրանք ոչ մի կերպ չպետք է ներքաշվեն: 18 տարեկանում մարդը պետք է ունենա իր սեփական ընտրությունը կատարելու բոլոր իրավունքները, բայց մենք ոչ մի կերպ չենք աջակցի սեռի օրինական փոփոխությանը»,- հայտարարել է «Նոր աջեր» կուսակցության երեխաների հարցերով խոսնակ Մեթտ Թիզենը:

Գործակալությունը պարզաբանում է՝ թե՛ Դանիայի ժողովրդական կուսակցությունը, թե՛ Պահպանողական կուսակցությունը, թե՛ Ազատական դաշինքը կտրականապես դեմ են երեխաների՝ օրինական սեռի փոփոխություն թույլ տալու առաջարկին: