գլխավոր Քաղաքականություն Կրեմլում չգիտեն, թե որտեղ է Ալեքսեյ Նավալնին

Կրեմլում չգիտեն, թե որտեղ է Ալեքսեյ Նավալնին

Կրեմլում չգիտեն, թե որտեղ է այժմ գտնվում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որն ամիսներ առաջ դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դրա համար կա պատիժների կատարման դաշնային ծառայություն, փոխանցում է ria.ru-ն։

«Մենք տեղեկություն չունենք Ռուսաստանի Դաշնությունում դատապարտյալների գտնվելու վայրի մասին։ Կա պատիժների կատարման դաշնային ծառայություն, և այդ ծառայությունն է, որ տիրապետում է հիշյալ տեղեկատվությանը: Համաձայնեք, որ նախագահի վարչակազմն այն մարմինը չէ, որը կարող է կամ պետք է նման տեղեկություններ ունենա», -լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ «Նավալնին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվածներից մեկն է, որը պատիժը կրում է դատարանի որոշմամբ»։

«Մենք տեղեկություն չունենք, թե որտեղ են պատիժը կրում դատապարտյալները։ Նման տեղեկատվություն մեզ ոչ ոք չի տրամադրում»,- ընդգծել է Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում ճիշտ են համարում պրակտիկան, երբ ո՛չ փաստաբանները, ո՛չ մերձավորները չգիտեն, թե որտեղ է գտնվում Նավալնին, Պեսկովը հիշեցրել է, որ գոյություն ունի դատապարտյալի հարազատներին և մտերիմներին նրանց գտնվելու վայրի մասին տեղեկացնելու որոշակի կարգ:

«Ես տեղյակ չեմ նման պրակտիկայի նկատմամբ նախագահի վերաբերմունքի մասին։ Գոյություն ունի դատապարտյալի հարազատներին և մտերիմներին տեղեկացնելու որոշակի կարգ: Ինձ այդ կարգը հայտնի չէ։ Եթե իսկապես հետաքրքրություն կա, ապա, հավանաբար, պարզաբանումների համար պետք է դիմել պատիժների կատարման դաշնային ծառայություն», – հավելել է նա։