գլխավոր Միջազգային Պեսկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի՝ «բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն» հայտարարությունը

Պեսկովը մեկնաբանել է Լուկաշենկոյի՝ «բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն» հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկի՝ աշխարհում ընկերներ չունենալու մասին հայտարարությունը, նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը ոչ թե ընկերներ են, այլ եղբայրներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այն կարծիքին ենք, որ նման հայտարարությունը դժվար թե վերաբերի Ռուսաստանին: Ի վերջո, մենք գտնվում ենք նույն միության մեջ, և այստեղ մենք ոչ թե ընկերներ ենք, այլ եղբայրներ», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ալեքսանդր Լուկաշենկոն Минская лыжня սպորտային փառատոնի ժամանակ հայտարարել էր բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն: 

Հիշեցնենք՝ 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթանակ է տարել Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ:

Ընտրություններից հետո ընդդիմության մի շարք առաջնորդներ Բելառուսից մեկնել են ԵՄ երկրներ և այնտեղից ծավալում են ընդդիմադիր գործունեություն: Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ և ներկայում նախաձեռնում են Մինսկի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ընդլայնում, որոնք նախկինում արևմտյան մի շարք երկրների կողմից կիրառվել էին բելառուսական պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ:

Փետրվարի 11-ին Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր՝ երկրում իրավիճակը կայունացել է, իսկ բողոքի ակցիաների դրսևորումները գործնականում անհետացել են:

Բելառուսում քրեական գործեր են հարուցվել ընդդիմության մի շարք առաջնորդների դեմ՝ իշխանությունը զավթելու, ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու կոչերի և պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու համար: