գլխավոր Քաղաքականություն Փաշինյանի օգնականի կողմից նախաքննությանն ապօրինի միջամտելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել

Փաշինյանի օգնականի կողմից նախաքննությանն ապօրինի միջամտելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի կողմից հնարավոր ապօրինի միջամտության փաստերի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել ։ «Փաստինֆո»-ին ԱԱԾ-ից հայտնել են, որ հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութը, որով ապացուցվում է, որ Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին ։ Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Նկատենք, որ մասնագիտական համայնքում առկա են մտավախություններ առ այն, որ ԱԱԾ-ում քրեական գործը ցանկանում են հարուցել ոչ թե Վարդապետյանի կողմից առերևույթ արդարադատությանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, այլ՝ ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է ոչ թե ՀՔԾ, այլ՝ ԱԱԾ։

Ավելին՝ ՔԿ-ն եւս ծառայողական քննություն չի նշանակել, վարչապետի օգնականից հանձնարարություններ ստացած քննիչի լիազորությունները չեն կասեցվել, փոխարենը՝ վերջինս զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և ներբեռնել տեղեկություններ։