գլխավոր Իրադարձային Պաշտպանության հանձնաժողովում չընդունվեց Զինծառայողների չօգտագործած արձակուրդի վերաբերյալ օրենքի նախագիծը

Պաշտպանության հանձնաժողովում չընդունվեց Զինծառայողների չօգտագործած արձակուրդի վերաբերյալ օրենքի նախագիծը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Օրենքի նախագիծը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Ներկայացնելով նախագիծը՝ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործած արձակուրդ ունեցող զինծառայողներին՝ արձակման տարեթվից, պետք է տրվի փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:

«Առկա կարգավորումը, որը 2018 թվականի Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական, նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիներ համար, իսկ մինչև այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում։ Սա հակասում է  թե հիմնական Աշխատանքային օրենսդրությանը, և թե մեր Սահմանադրությանը։ Սա է պատճառը, որ 2018 թվականին ՍԴ-ն որոշում կայացրեց և այն հակասահմանադրական ճանաչեց։ Մինչև այսօր մենք դատական պրակտիկայում ունենք դատական որոշումներ, որոնք, ըստ էության, մեր առաջարկած դրույթն են կիրառում, որովհետև առկա կարգավորումը ճանաչվել է  հակասահմանադրական»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Նա նաև շեշտեց, որ միևնույն ժամանակ՝ ՍԴ-ն, երբ 2018 թվականին այդ դրույթը հակասահմանադրական էր ճանաչել, 3-ամսյա ժամանակ էր տրամադրել, որպեսզի օրենքում համապատասխան փոփոխություն մտցվի, սակայն մինչև օրս այդ փոփոխությունը տեղի չի ունեցել։

«Կարծում եմ՝ ժամանակն է կատարել այդ փոփոխությունը, որովհետև մենք արդեն 3 տարի կորցրել ենք»,- հավելեց պատգամավորը։

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ հույս է ունեցել, որ կառավարությունը զինվորական արձակուրդի գնալու խնդրի հետ կապված թվերի վերաբերյալ որևէ տվյալ  կներկայացնի, նաև կառավարությունը չի ներկայացրել կարծիքը նախագծի վերաբերյալ:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելու առումով այս պահին վերջնական որոշում չեն կայացրել՝ նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում կատարվում են փոփոխություններ, ուստի այդ հարցին պարտադիր անդրադարձ է կատարվելու ընդհանուր համապարփակ փոփոխությունների շրջանակներում։

«Ինչ վերաբերում է թվային տվյալներ ներկայացնելուն, այս պահին զերծ կմնամ ներկայացնելուց, սակայն նշեմ, որ թիվը, բնականաբար, լինում է շատ մեծ, նույնիսկ այն դեպքում, երբ վճարովի է միայն 2018 թվականի ՍԴ որոշումից հետո։ Վստահաբար բոլորը ցանկանալու են իրենց իրավունքներից օգտվել և վերականգնել իրենց կորցրածը։ Իհարկե, վերջնական որոշում կայացնելու համար պետք է լինի նաև վերլուծություն և թվային տվյալներ»,- շեշտեց Պաշտպանության փոխնախարարը։

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ԼՀԿ-ի ներկայացրած նախագծին պետք է դեմ քվեարկել՝ սպասելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում կատարվող համապարփակ փոփոխություններին։

Արձագանքելով հնչեցրած բոլոր կարծիքներին, Տարոն Սիմոնյանը նկատեց՝ եթե կառավարությունը հեռատես լինի, ապա օրենքի փոփոխությունը կկատարի այսօր և չի սպասի, մինչև մարդիկ գնան դատարան և դատարանի միջոցով պետությունից ավելի մեծ գումար ստանան։

Հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ առաջարկեց մեկ ամսով հետաձգել նախագծի քննարկումը, ինչին Տարոն Տիմոնյանը չհամաձայնեց։

Քննարկումներից հետո հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին։