գլխավոր Հասարակություն Ակնեի առաջացման հիմնական պատճառները․ բնական բաղադրատոմսեր բշտիկներից ազատվելու համար

Ակնեի առաջացման հիմնական պատճառները․ բնական բաղադրատոմսեր բշտիկներից ազատվելու համար

Եթե կարծում ես, որ ակնեն բնորոշ է միայն դեռահանսներին, սխալվում ես։ Այս խնդիրն առաջանում է նաև 30 և անգամ 40 տարեկան կանանց մոտ: Ահա թե ինչ է անհրաժեշտ՝ դրանից խուսափելու համար:

Հաճախ կարելի է լսել, որ ակնեի առաջացման գլխավոր պատճառներից մեկը մաշկի աղտոտվածությունն է: Դա այդպես չէ: Ակնեի առաջացման հարցում առավել նշանակալից դեր ունի մաշկի չափից ավելի ճարպի արտադրությունը, ինչը խցանում է ծակոտիները, ինչի արդյունքում զարգանում է վարակը: Յուղոտ մաշկն առաջացնում է այն հաճախ մաքրելու ցանկություն՝ օգտագործելով հատուկ չորացնող միջոցներ: Սակայն սա կհանգեցնի յուղի ավելի շատ արտադրվելուն:

Կաթնամթերքի չափից շատ կիրառումը նույնպես ակնեի ծանր ձևի առաջացման պատճառ է՝ հայտնի՝ որպես կիստոզային ակնե: Չնայած, որ այս փաստը գիտականորեն ապացուցված չէ, խորհուրդ ենք տալիս կրճատել կաթնամթերքի օգտագործումն առնվազն երկու շաբաթով: Տե՛ս, թե ինչ արդյունք է դա տալիս:

«Որքան էլ մեծ լինի բշտիկը սեղմելու գայթակղությունն, անհրաժեշտ է հիշել, որ դա ոչ միայն չի օգնի ակնեից ազատվելու հարցում, այլև իրավիճակն ավելի կբարդացնի»:


Ակնեի դեպքում կարելի է դիմել մաշկաբանին և կիրառել հատուկ դեղամիջոցներ ու քսուքներ, սակայն կան նաև մի շարք բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, և շատ ավելի անվնաս։ Ներկայացնում են 10 բնական դեղամիջոց, որոնք կօգնեն մեղմել բորբոքումներն ու բուժել ախտահարված մաշկը։

1-ին բաղադրատոմսը․

100 մլ կարտոֆիլի հյութին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել և ստացված լուծույթն ամեն օր քսել մաշկին ու թողնել 20-30 րոպե։ Պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել երեկոյան։ Բուժման կուրսը տևում  երկու շաբաթ, որից հետո հարկավոր է 5-7 օր դադար անել և կրկնել կուրսը։

2-րդ բաղադրատոմսը․

Յուղոտ ու լայնացած ծակոտիներով մաշկի դեպքում բշտիկների դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող է լինել գազարը։ Պարզապես հարկավոր է այն մանրացնել ու խյուս դարձնել, ստացված խյուսը որպես դիմակ քսել մաշկին և որոշ ժամանակ անց լվացվել։

3-րդ բաղադրատոմսը․

3 ճաշի գդալ մանրացրած վարունգին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 2-3 ժամ թրմել, այնուհետև լավ քամել, ստացված հեղուկին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և խառնել մինչև այն ամբողջությամբ լուծվի։ Բամբակյա սկավառակը թրջել այս լուծույթով և քսել այն մաշկին լվացվելուց հետո։

4-րդ բաղադրատոմսը․

Հիանալի հակաբորբոքային միջոց կարող է լինել հալվե վերայի տերևների հյութը։ Հարկավոր է հալվեի տերևները լվանալ եռացրած ջրով, չորացնել և 10 օր պահել որևէ մութ և զով տեղում։ 10 օր անց տերևները մանրացնել, հյութը քամել և օրական 2-3 անգամ այդ հյութով մաքրել մաշկը։ 

5-րդ բաղադրատոմսը․

Գրգռված ու յուղոտ մաշկի դեպքում շատ արդյունավետ է նաև հավեի տերևների թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է նախապես մի քանի օր մութ տեղում պահված տերևները մանրացնել ու խյուս դարձնել, ավելացնել եռացրած սառը ջուր 1։5 հարաբերակցությամբ, 1 ժամ թրմել, այնուհետև եռացնել 2-3 րոպե և քամել։ Ստացված թուրմն օգտագործել մաշկը մաքրելու համար։

6-րդ բաղադրատոմսը․

Սպիտակ շուշանի թարմ թերթիկները լցնել շշի մեջ 1։1 հարաբերակցությամբ ավելացնել օղի և թրմել 14 օր։ Ստացված ոգեթուրմն օգտագործել քնելուց առաջ մաշկը մաքրելու համար։

7-րդ բաղադրատոմսը․

1 թեյի գդալ մեղրն ու 1 թեյի գդալ վաղենակի ոգեթուրմը (կարելի է գնել դեղատնից) ավելացնել մի բաժակ եռացրած գոլ ջրին, լավ խառնել և օրական մեկ անգամ յուղոտ մաշկը մաքրել ստացված լուծույթով։

8-րդ բաղադրատոմսը․

1։4 հարաբերակցությամբ խառնել ազնվամորու թարմ տերևների հյութն ու կարագը (կամ վազելին), այնուհետև օրական մեկ անգամ ստացված խառնուրդը քսել մաշկին։

9-րդ բաղադրատոմսը․

1 ճաշի գդալ եղեսպակի տերևներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տարան փաթաթել տաք կտորով և թրմել 30 րոպե։ Պատրաստ լինելուն պես թուրմը քամել, ավելացնել ½ թեյի գդալ մեղր և լավ խառնել։ Այս հեղուկը հարկավոր է օգտագործել օրական 2-3 անգամ ախտահարված մաշկին գոլ վիճակում թրջոցներ դնելու համար։

10-րդ բաղադրատոմսը․

Խառնել հավասար քանակությամբ կռատուկի արմատը, հունական ընկույզի տերևները, սրոհունդն ու կղմուխի արմատները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել կրակին ու եփուկ պատրաստել։ Բշտիկների առկայության դեպքում ընդունել եփուկն օրական 2-3 բաժակ։