գլխավոր Հասարակություն Նախագահը ՍԴ դիմելու հարցով հստակ պատասխան չի տվել, դեռ մտածում է. Վահրամ...

Նախագահը ՍԴ դիմելու հարցով հստակ պատասխան չի տվել, դեռ մտածում է. Վահրամ Բաղդասարյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնում

Այսօր նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի հարցը:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը:

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախագահը դեռևս հստակ պատասխան չի տվել՝ ԳՇ պետի ազատման հրամանագրի հարցով դիմելու՞ է ՍԴ, թե՝ ոչ.

«Նախագահը դեռ մտածում է ՍԴ դիմելու հարցով՝ դիմելու՞ է, թե՞ ՝ոչ կամ ե՞րբ է դիմելու: Վերջնաժամկետում կլսենք նախագահի արձագանքը»,-ասաց Բաղդասարյանը:

Վերջինս նաև նշեց, որ նախագահի որոշումից է կախված Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ նախագահը փետրվարի 27-ին ԳՇ պետի ազատման հրամանագիրը առարկություններով հետ էր ուղարկել կառավարություն` նշելով, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առարկությունները չի ընդունում ու կրկին առաջարկությունն ուղարկել էնախագահին։

Մարտի 2-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Նախագահը կրկին չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, սակայն ՍԴ դիմելու է ոչ թե հրմանագրի նախագծի, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: