գլխավոր Գլխավոր Ծաղիկներն ու նրանց նշանակությունը․ ծաղիկները խոսում են, երբ մենք լռում ենք

Ծաղիկներն ու նրանց նշանակությունը․ ծաղիկները խոսում են, երբ մենք լռում ենք

Վաղն արդեն մարտի 8 է։ Մայր, քույր կամ դուստր, ընկերուհի կամ գործընկերուհի․ հենց նրանք ոգեշնչում են մեզ իրենց ուժով և գեղեցկությամբ: Մարտի 8-ին մենք ցանկանում ենք ցույց տալ նրանց մեր սերն ու երախտագիտությունը: Ու շատերի ընտրությունը կանգ է առնում հենց ծաղիկների վրա։

Ծաղիկ նվիրելու ավանդույթը հայտնվել է Արևելքի հեռավոր անցյալում: Ծաղիկների օգնությամբ սիրահարներն արտահատում էին սերը միմյանց նկատմամբ։ Այսօր, հուրախություն մեզ, ծաղիկ նվիրում են, ոչ միայն սիրահարները։

Ծաղիկները կարող են խոսել մեր փոխարեն, արտահայտել մեր հույզերն ու զգացմունքները։ Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր իմաստը, խորհրդանշում է որևէ հույզ կամ զգացմունք։

Մարտի 8-ի նախօրեին հիշենք ծաղիկների իմաստի մասին, որպեսզի ընտրությունը ավելի հեշտ դառան, իսկ ծաղկեփունջը՝ իմաստավորված։

1․ Լեռնավարդ (ազալիա)

Լեռնավարդը կանացիության, նրբության, հավասարակշռության, հավատարմության, բայց միաժամանակ՝ կրքի և տխրության խորհրդանիշն է: Ազալիա ընդունված է նվիրել անցանկալի բաժանումից առաջ: Ազալիա նվիրելով՝ ասում եք. «Հույս ունեմ, որ կսպասես ինձ», «Ես հավատում եմ քեզ» կամ «Պահպանիր քեզ ինձ համար»:

2․ Աստղածաղիկ

Սիրո, նրբագեղության, ինչպես նաև հուշերի խորհրդանիշն է աստղածաղիկը: Չինաստանում այն նշանակում է ճշգրտություն: Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ աստղածաղկի վառված թերթիկների հոտը քշում է օձերին: Գոյություն ունի աստղածաղիկների շուրջ 600 տեսակ, որոնցից ամենահայտնին համարվում է Մոնտե Կազինոյի աստղածաղիկը:

3․ Մեխակ

Հրապուրանք, կանացի սեր, ազատություն, հավատարմություն: Մեխակի նշանակությունը ծաղիկների լեզվում կարող է շատ տարբեր լինել, ամեն ինչ կախված է նրա գույնից: Սպիտակը՝ անմեղություն, վարդագույնը՝ «ես երբեք չեմ մոռանա քեզ», կարմիրը՝ «կարոտում եմ քեզ», դեղինը՝ «դու խուսափում ես ինձանից»:

4․ Թրաշուշան

«Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի՛ վախեցիր»: Այն  գլադիատորների ծաղիկն է: Թրաշուշան նվիրողն ուժեղ, վստահելի, փոխհամաձայնություն չճանաչող մարդ է:

5․ Շուշան

Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, սեթևեթանք: Ծաղիկների լեզվով այն նշանակում է. «Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»: Սպիտակ շուշանը նշանակում է մաքրություն, վեհություն, ազնվություն: Այն ասում է. «Աստվածային է քո կողքին լինելը»: Վագրագույն շուշանը՝ հպարտություն, առատություն, բարեկեցություն է:

6․ Վաղենիկ (նարգիզ)

«Մնա այդպես հմայիչ», «Արևը միշտ փայլում է, երբ ես քո կողքին եմ»։ Այս ծաղիկը խորհրդանշում է ուժեղ և ամուր զգացմունքներ, անպատասխան սեր, չարդարացված հույսեր, ասպետություն:

7․ Վարդ

Կարմիր վարդը նշանակում է սեր, կիրք. «Ես սիրում եմ քեզ», «Չեմ կարող առանց քեզ», «Ինձ թվում է, որ սիրահարվել եմ քեզ», «Ուրախ եմ, որ ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդը հարգանքի, վեհանձնության, սիրո և վստահության խորհրդանիշ է: Սպիտակ վարդը խորհրդանշում է մաքրություն և անմեղություն, համեստություն և նրբություն: Դեղին վարդը նշանակում է երջանկություն, ուրախություն: Ծաղիկների լեզվի համաձայն, դեղին վարդը ոչ մի առնչություն չունի դավաճանության կամ խանդի հետ, չնայած այդ տեսակետը շատ տարածված է:

8․ Կակաչ

Կակաչը երևակայության, երազկոտության, երիտասարդության, հաճույքների ձգտման խորհրդանիշ է:

9․ Գեորգին

Գեորգինը կամակորություն, անցողիկ սեթևեթանք է նշանակում: Գեորգին նվիրողը ցանկանում է ասել. «Ես դեռևս պատրաստ չեմ», «Ոչինչ չեմ խոստանում», «Ինչո՞ւ ամեն ինչ բարդացնել»:

10․ Արևածաղիկ

Քչերն են համարձակվում աղջկան արևածաղիկ նվիրել։ Սակայն, արևածաղիկն ամենաարևային ծաղիկն է՝ լավատեսության, ուրախության և բարեկեցության խորհրդանիշը։ Ծաղիկների լեզվով արևածաղիկների ծաղկեփունջը նշանակում է «Դու հրաշք ես», «Քեզ նմանը չկա», «Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ»։

Արևածաղիկների ծաղկեփունջը վառ, անմոռանալի նվեր է։ Խորհուրդ է տրվում այս ծաղիկը նվիրել արվեստի, արտասովոր մարդկանց։