գլխավոր Աշխարհ Արհեստական բանականությունն առաջին անգամ պիես է գրել

Արհեստական բանականությունն առաջին անգամ պիես է գրել

Արհեստական բանականության GPT-2 համակարգը հետազոտողների ղեկավարությամբ ստեղծել է պիես, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Sciencemag-ին:

GPT-2 համակարգը մշակվել է Իլոն Մասկի OpenAI ընկերության կողմից։ Այն իրենից ներկայացնում է համակարգչային մոդել, որը տեքստ է գեներացնում՝ ինտերնետում առկա տեղեկատվությունը զտելու հաշվին։ Նախկինում այս տեխնոլոգիան օգտագործվում էր պատմվածքներ և բանաստեղծություններ գրելու համար:

Պիեսի ստեղծման գործընթացը մեկնարկելու համար հետազոտողները ծրագրում մտցրել են հուշում՝ երկխոսության երկու նախադասություն: Այնուհետև արհեստական բանականությունը կարդացել է հուշման տեղեկությունը և ստեղծել մինչև 1000 բառ լրացուցիչ տեքստ:

Գիտնականները նշել են, որ իրենք երբեմն ստիպված են եղել միջամտել այդ ամենին, երբ հայտնվում էին տրամաբանական կամ փաստական անհամապատասխանություններ:

«Դա պայմանավորված է նրանով, որ ծրագիրն իրականում չգիտի նախադասությունների իմաստը, այն պարզապես իրար է միացնում բառերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն միմյանց», – ասել է Կոլումբիայի համալսարանի արհեստական ինտելեկտի հարցով փորձագետ Չադ Դե Չանը:

Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ վերջնական GPT-2 սցենարի 90 %-ին գիտնականները չեն միջամտել։ Մարդը ստիպված է ուղղել տեքստի միայն 10%-ը: