գլխավոր Իրադարձային Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրության նախագիծը. Վահան Քերոբյան

Ինչու է կանգնեցվել ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրության նախագիծը. Վահան Քերոբյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ ինքն է կանգնեցրել Հայաստանում զրահապատ ավտոմեքենաների արտադրության արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը՝ նկատելով, որ այն արհամարհում է ՀՀ քաղաքացիների շահերը: Վահան Քերոբյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Lurer.com կայքի հրապարակած տեսանյութին, թե իբր կառավարությունն անգործ է և չի թողնում, որպեսզի զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող կանադական STREIT Group ընկերության կողմից Հայաստանում ռազմաարդյունաբերական գոտի ստեղծվի:

«Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը։ Եթե պարոն Թովմասյանն համաձայն է ներդրումային պայմաններում ներառել տեսանյութում հնչեցվող «տասնյակ միլիոն դոլարները», արտադրական ծավալները և գումարները, ապա երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։

Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով ու հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»,- գրել է Քերոբյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։

Տեսանյութում նշվում է, որ 2018 թվականին Երևանում «Արմհայթեք» զենքի միջազգային ցուցահանդեսին հայ գործարար Արտակ Թովմասյանի ջանքերով մասնակցել է զրահապատ մեքենաների արտադրությամբ զբաղվող STREIT Group կանադական ընկերությունը: Նշվում է, որ ՊՆ-ին հետաքրքրել է STREIT Group-ի արտադրանքը և առաջարկվել է ընկերությանը ՀՀ-ում զրահապատ մեքենաների արտադրություն հիմնել: Ներդրողներն են STREIT Group ընկերության տնօրեն Գերման Գուտորովը և հայ գործարար Արտակ Թովմասյանը: Տեսանյութը պատմում է, որ 2019 թվականի օգոստոսի 29-ին ներդրումային ծրագիրը ներկայացվել է կառավարությանը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, սակայն մինչ այժմ արդյունք չկա: Նշվում է նաև, որ ծրագրի կյանքի կոչման արդյունքում լինելու էր տասնյակ միլիոն դոլարների ներդրում: