գլխավոր Տեսանյութեր Երբ ազատվենք այս դավաճան իշխանություններից, Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. Հրանտ...

Երբ ազատվենք այս դավաճան իշխանություններից, Ադրբեջանը կկորցնի ամեն ինչ ստանալու հնարավորությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Նոր պատերազմի վտանգ չկա, քանի դեռ թշնամին առանց ջանք գործադրելու, առանց վտանգի կարողանում է շատ արագ իր պահանջները ներկայացնել ու ստանալ, մեր թշնամին մեր երկրում ունի գործընկեր՝ ի դեմս իշխանությունների, նրանք ասում են իրենց ցանկությունները և այն հետևողականորեն լուծում են. Բաղրամյան պողոտայում Tert.am-ի զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Այն, որ Ալիևը խոսում է Զանգեզուրի մասին, որ Հայաստանին ստիպելու ենք բացել այդ ճանապարհը, դա մեզ համար կենսական նշանակություն ունի, այդ ամեն ինչը վկայում է այն մասին, որ չափազանց վստահ է իրենց զգում, և չկա հակառակ կողմից պաշտպանություն: Նրանք տեսնում են, որ կա շարժում, ժողովրդի մեծ պահանջ՝ հեռացնելու դավաճան իշխանություններին, և այն պահից սկսած, երբ կազատվենք դավաճան իշխանություններից, այդ պահից սկսած Ադրբեջանը կորցնելու է ամեն ինչ ստանալու հնարավորությունը»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանը նշեց, որ իշխանությունը լուծում չի առաջարկում, նա խեղափոխում է իրողությունները, այլ կերպ ներկայացնում, քաղաքական, ազգային կարևոր հարցերը վիժեցնելով՝ թույլ չի տալիս, որպեսզի պետական շահը դառնա քաղաքական, հիմնական օրակարգ:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման ցրելու փորձեր են, ո՞վ կլինի այդ ժամանակ վարչապետ, ի՞նչ կլինի, դա չէ մեր երկրի առջև կանգնած խնդիրը, ավելի կարևոր խնդիր ունենք՝ դավաճան իշխանության հեռացում: Մենք, երբ ունենանք հեռացված Փաշինյանի իշխանություն, կսկսվի վերականգման փուլ և քաղաքական համակարգը այնպիսին պետք է դարձնել, որ աշխատունակ լինի: Մեր ժողովրդի առջև դրված է պետությունը և կորսվածը վերականգնելու խնդիր»,– ասաց նա:

Հրանտ Մելիք–Շահնազարյանը նաև նշեց, երբ իշխանությունները թմբկահարում են, որ Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 8-ն է ղեկավարելու, դա ճիշտ չէ, Օնիկ Գասպարյանն իր  սահմանադրական իրավունքով մեր բանակի հրամանատարն է լինելու առնվազը 4 տարի.«Կա լուրջ ճգնաժամ․ բանակն ասում է, որ երկրի ղեկավարը դավաճան է, գործում է ի վնաս բանակի, և փոխանակ իշխանությունները հետևություններ անեն, որ այս պայմաններում հնարավոր չէ իրենց պաշտոնավարումը, իրենք սպասում են՝ նախագահը կդիմի՞ ՍԴ, թե ոչ»: