գլխավոր Տեսանյութեր Իշխանությունների մոտ ցայտնոտային իրավիճակ է․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Իշխանությունների մոտ ցայտնոտային իրավիճակ է․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Կարծում եմ, որ իշխանությունների մոտ ցայտնոտային իրավիճակ է, և գնալով այդ վիճակը խորանալու է, որովհետև ինչպես վերջին երեք տարիների ընթացքում, հիմա առավել ևս իրենք չեն հասկանում՝ ինչ են անում և ինչպիսի քայլերի հաջորդականություն պետք է անեն։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում ընդդիմության հրավիրած հանրահավաքից առաջ ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Նա նշեց, որ իշխանությունն անընդհատ նույն փոսի մեջ է հայտնվում և այդ փոսից այլևս շատ դժվար է լինելու դուրս գալ։

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմն այլևս մի ճանապարհ ունեն՝ հրաժարական, նոր վարչապետի ընտրություն և արտահերթ ընտրություն»,–ասաց նա և նշեց, որ այն մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ արտահայտություն են անում, թե 30 տարի մենք բանակ չենք ունեցել, իրենք այդ արտահայտությամբ պղծում են Սպարապետի գերեզմանը։

«Այս իշխանության ամբողջ զավեշտն այն է, որ այն, ինչի մասին իրենք խոսել են տասնամյակներ շարունակ, վերջին երեք տարվա ընթացքում ցուցադրում են, աննախադեպ և բացառիկ կազմակերպվածության աստիճան վարչական ռեսուրս են օգտագործում՝ նոր նշաձող սահմանելով։ Այսինքն` այսպիսի ռեկորդային նշաձող ո՛չ հանրապետականների, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում, ո՛չ էլ առավել ևս որոշ մարդկանց կնքահայր Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ չի եղել»,–ասաց նա։

Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ նախկիններինն է,  ո՛չ  էլ ներկաներինը, այլ ՀՀ–ն ապագա սերունդներինն է։ «ՀՀ արժանապատվությունը ոտնահարող, ՀՀ բանակի դեմ խոսացողը և բանակի դեմ ընդվզողը, Արցախի Հանրապետությունը թուրքին և թշնամուն նվիրածը պետք է հեռանա, այլ կերպ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենալ չի կարող։ Այս մարդը  թուրք–ադրբեջանական գործակալական ցանցի վառ ներկայացուցիչ է»,–ասաց նա։