գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն և Եվրոպան ժամանակավորապես դադարեցնում են առևտրային պատերազմը

ԱՄՆ-ն և Եվրոպան ժամանակավորապես դադարեցնում են առևտրային պատերազմը

ԱՄՆ-ի և Եվրոպայի իշխանությունները պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել առևտրային պատերազմը։ Նրանք դադարեցրել են Boeing-ի և Airbus-ի վեճի շրջանակներում սահմանված բոլոր մաքսատուրքերը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՀ կայքում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների արդյունքում 4 ամսով «հրադադար» է հայտարարվել: Բացի այդ, կողմերը պատրաստակամություն են հայտնել վերջնականապես լուծել վեճը, ինչը, նշում է Եվրահանձնաժողովի ղեկավարը, վկայում է գործընկերության նոր փուլի մասին:

Քաղաքացիական օդանավերի արտադրողների միջև վեճն աշխարհի խոշորագույն առևտրային վեճերից է, որը տևել է ավելի քան 15 տարի և դեռևս չի լուծվել: Այն սկսվել է Boeing-ի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված բողոքից, որի համաձայն՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի իշխանությունները մի շարք արտոնություններ են տրամադրում իրենց մրցակցին։

Խոսքը ինքնաթիռների նոր մոդելների մշակման և արտադրության արտոնյալ վարկերի մասին է, որոնք Airbus-ը տասնյակ տարիներ ստացել է։

Եվրոպական ընկերությունը նմանատիպ մեղադրանքներով հակընդդեմ հայց է ներկայացրել, ընդ որում նրա պահանջներն ավելի շատ են եղել: Հայցադիմումների վերաբերյալ առաջին որոշումը կայացվել է 2011 թվականին։

Իր հայցի շրջանակներում վերջնական հաղթանակը ԱՄՆ-ին թույլ է տվել 2019 թվականին 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել մի շարք եվրոպական ապրանքների համար, որոնց թվում են՝ ալկոհոլային խմիչքները, սննդամթերքը, հագուստը։

Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ն Boeing-ի գործով վճիռից հետո պատասխանել էր նմանատիպ որոշմամբ։