գլխավոր Տեսանյութեր Երկրի թիվ 1 զինվորականին ազատելը փլավ ուտել չէ. Արման Սաղաթելյան

Երկրի թիվ 1 զինվորականին ազատելը փլավ ուտել չէ. Արման Սաղաթելյան

«Ես չեմ կարծում, որ այս ճգնաժամը հեշտ հանգուցալուծվող ճգնաժամ է, և չեմ կարծում, որ նրանք, ովքեր կարծում են, որ իշխանություն են, ողջամտություն կունենան հասկանալու պետական և ազգային շահը այն պարագայում, երբ գրեթե բոլոր ազգային ինստիտուտները պահանջում են իրենց օր առաջ հեռացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

«Մենք ամեն օր տեսնում ենք՝ երկիրը շարունակում են հանձնել, այսինքն՝ ոչ միայն խայտառակ պարտության մեղավորն են ու պատասխանատուն են, այլ նաև փորձում են սլաքներն ուղղել բանակի վրա, քավության նոխազներ հորինել և այս եղանակով ինչ–որ ձևով երկարաձգեն իրենց անփառունակ իշխանությունը։ Մենք ամեն օր նոր սպառնալիքներ ենք ստանում մեր թշնամուց, որին, ի դեպ, այս կապիտուլյանտը մինչ օրս էլ երևի համարում է կիրթ ու կառուցողական»,–ասաց նա։

Արման Սաղաթելյանը նշեց, որ չի պնդում, թե բանակին հարցեր չկան։ «Ավելին՝ ես բազմաթիվ հարցեր ունեմ բազմաթիվ զինվորականների, և դրանք պետք է պատասխաններ ստանան, բայց միանշանակ է, որ մարդ, ով հիմնական պատասխանատուն է երկրի անվտանգության, զինված ուժերի և միջազգային դիվանագիտության համար, պարտադիր պետք է արժանի պատասխանը տա՝ և՛ բարոյական, և՛ իրավական հարթությունում»,–ասաց նա և նկատեց, որ իշխանության կողմից  գործ ունենք բացահայտ ցինիզմի և խայտառակության հետ։

Ինչ վերաբերում է  հեղաշրջման փորձի հարցին, ապա Արման Սաղաթելյանն ասաց․ «Եթե լիներ որևէ հեղաշրջման նույնիսկ փորձ, ես համոզված եմ, որ այդ մարդիկ նույնիսկ այդ հայտարարությունը անել չէին հասցնելու, այսինքն՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը ևս հակառակ վկայությունն է, որ կառույցը քաղաքական և ողջամիտ եղանակներով կոչ է անում հանգուցալուծել այն խոր և լուրջ ճգնաժամը, որում հայտնվել է մեր պետականությունը։ Ես համարում եմ՝ կառավարության հրաժարականի պահանջը քաղաքական չէ, քանի որ խոսքը մարդու մասին է, ով ի պաշտոնե պետք է պաշտպանություն կրի ողջ պաշտպանական համակարգի համար, և այդ մարդու և իր շուրջ հավաքված մարդկանց հայտարարությունները ադեկվատ չեն»,–ասաց նա և նկատեց, որ միջազգային հարթակներում անընդհատ մեզ ծաղրում և ստորացնում են, իսկ բանակը  արժանապատվություն ունեցող կառույց է և չի կարող հանդուրժել այս իրավիճակին։

«Երկրի թիվ մեկ զինվորականին աշխատանքից ազատելը հենց այնպես «փլավ ուտել» չէ, դա ոչ իր թերթոնն է, ոչ էլ՝ իր դուքյանը»,–ասաց նա։