գլխավոր Միջազգային Ցանկացած գործողության պատասխանելու ենք գործողությամբ․ Ռոհանին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Ցանկացած գործողության պատասխանելու ենք գործողությամբ․ Ռոհանին՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթնաժողովի ընթացքում, դատապարտել է Իրանի նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցները, հայտնում է Tehran Times–ը։

«Ինչ վերաբերում է Իրանի իմաստությանն ու խորաթափանցությանը, միջուկային համաձայնագիրը մինչ այժմ գոյատևել է, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգներն ընտրել է դրա ոչնչացումը: ԱՄՆ-ն, որպես համաձայնագիրը խախտած կողմ, պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները և գործնական քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին: Իրանի Իսլամական Հանրապետությունը գործողությանը պատասխանելու է գործողությամբ: Համաձայնագրին վերադառնալու ուղին պարզ է,  եթե ԱՄՆ–ի կառավարությունը վճռական է տրամադրված, բանակցությունների կարիք չկա», – ասել է Ռոհանին:

Անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը՝ Ռոհանին կարևորել է կազմակերպությանը դերը տարածաշրջանում և նշել, որ կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ մեծ քայլեր են արվել և արձանագրվել են նշանակալի նվաճումներ։ Այնուամենայնիվ, ըստ Ռոհանիի, այդ նվաճումները չեն արդարացրել սպասելիքները։

Ավելի արդյունավետ աշխատանքի համար Ռոհանին առաջարկել է կազմակերպության առևտրայաին համաձայնագրի իրականացում, ինչպես նաև ներտարածաշրջանային առևտրի ընդլայնման ուղիների և միջոցների մշակում, առևտրի խթանման համար մասնավոր հատվածների հետագա ակտիվացում, գործակալությունների ամրապնդում և ակտիվացում և տարանցման և տրանսպորտային համագործակցության խոչընդոտների և մարտահրավերների վերացում՝ որպես առևտրի ընդլայնման հիմնարար ենթակառուցվածք։