գլխավոր Քաղաքականություն Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածել. «Փաստ»

Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին մարզերից մարդկանց համատարած տեղափոխումը իրականացնելու համար օգտագործվել են նաեւ տուրիստական կազմակերպությունների, ի մասնավորի՝ «Բաս վոյաժի» ավտոբուսները: Ճիշտ է, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց համակիրներին տեղափոխելը վարչական ռեսուրս չէ, սակայն փաստացի չեն էլ հերքում, որ իրականացրել են տեղափոխություն:

«Իմքայլականները» նշում են, որ պետական՝ մասնավորաբար, «ԱԺ-ի, ՊՆ-ի կամ ոստիկանության» տրանսպորտ չի տրամադրվել, ուրեմն դա չի կարող համարվել վարչական ռեսուրսի կիրառություն: Սակայն այստեղ առկա են մի շարք ուշագրավ հանգամանքներ:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում ժամանակին կարողացել են մտածել «գեղեցիկ» սխեմա, ըստ որի, ամսական շուրջ 15 միլիոն դրամ է տրամադրվում նշյալ կազմակերպությանը՝ տրանսպորտային փոխադրումների համար:

Դրան գումարած՝ նախատեսվածից «դուրս» յուրաքանչյուր ծառայության համար կատարվում է հավելյալ վճարում, եւ որոշ դեպքերում այդ գումարը ամսական կարող է հասնել ամսական մինչեւ 50-60 միլիոն դրամի:

Այն, որ պատերազմի ժամանակ այդ սխեման կիրառվել է զինծառայողներին տեղափոխելու համար, քանզի ՊՆ տրանսպորտը բավարար չի եղել, սկզբունքորեն կարելի է համարել բնական եւ ընդունված գործընթաց:

Սակայն փաստացի ստացվում է, որ նույն սխեման կարող է օգտագործվել պետբյուջեի հաշվին նաեւ իշխող թիմի քաղաքական շահերը սպասարկելու համար, այդ թվում՝ քաղաքացիներին հանրահավաքի վայր հասցնելու եւ հետ վերադարձնելու նպատակով»: