գլխավոր Իրադարձային Երկիրը երբեք նոր ցնցումների չենք տանելու. Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է դժգոհություններին

Երկիրը երբեք նոր ցնցումների չենք տանելու. Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է դժգոհություններին

Այս օրերին սպասում էինք նախագահի կարևոր որոշմանը և այն որոշումը, որ կայացվեց, դեռ կիսատ էր, հույս ունենք, որ առաջիկա օրերին նախագահը հստակ դիրքորոշում, կեցվածք կունենա երկրում ստեղծված իրավիճակի շուրջ և շատ կոնկրետ կդիմի ՍԴ։ Մեր այս պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ: Այս մասին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ է ասել:

Անդրադառնալով իրենց ուղղված դժգոհությանը, որ մարդիկ հոգնել են ճառերից, հստակ քայլեր, կոնկրետ գործողություններ են պահանջում, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երկիրը ցնցումների չեն տանելու։

«Մենք ընդունում ենք ձեր քննադատությունը, բայց նկատի ունեցեք, մենք մեր երկիրը երբեք նոր ցնցումների չենք տանելու, դա Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է։ Դա չի նշանակում, որ մեր գործողությունների մեջ երբևէ լինելու է նահանջ։ Ի սկզբանե ասել ենք՝ հեշտ չի լինելու, մենք հիասթափվելու, հուսահատվելու առիթ չպետք է ունենանք, նժարի մի կողմում դրված է պետության և պետականության հարցը, մյուս կողմում գոյություն ունեցող բոլոր դժվարությունները»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը դիմեց նաև երիտասարդներին՝ կոչ անելով միանալ պայքարին։

«Դուք 2018-ին դուրս եկաք փողոց, կատարեցիք իշխանափոխություն՝ նպատակ ունենալով ունենալ ավելի լավ, ավելի հզոր ու պաշտպանված Հայաստան, որտեղ դուք կապրեիք արժանապատիվ, որտեղ կունենայիք լավ կրթություն, արժանապատիվ աշխատանք։ Դուք չէիք պայքարում, որ մի խումբ մարդկանց բերեիք իշխանություն, որպեսզի նրանք ստանան պարգևավճար և ձեր հարազատներին տանեին պատերազմի, կոտորածի, ձեր հայրենիքի մի մասը զիջեին թուրքերին։ Դուք խաբվել եք, խաբվել ենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր հավատացել են սրանց, դուք մեղավոր չեք, Նիկոլը խաբել է բոլորին, բայց հիմա այդ սխալն ուղղելու ժամանական է, ժամանակն է, որ գաք այս հրապարակ և ուղղեք այն սխալը, որ տեղի է ունեցել»,-ասել է նա։

Սաղաթելյանը նշել է, որ այս փուլում ոչ թե որոշվում է հաջորդ իշխանությունը, այլ պետք է լուծվի գործող իշխանություններին հեռացնելու հարցը։